Արմեն Գրիգորյան. Սուսերամարտի Մ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը կանցկացնենք բարձր մակարդակով

17:42 - 14 Նոյ, 2017

2018 թվականի ապրիլի 15-20-ը Հայաստանում կկայանա սուսերամարտի Մ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը: Այս օրերին պաշտոնական այցով Հայաստանում է սուսերամարտի Եվրոպայի կոնֆեդերացիայի նախագահի տեղակալ Դավիթ Սախվաձեն: Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի նախագահ Արմեն Գրիգորյանի հետ Սախվաձեն այսօր այցելել է «Դինամո» մարզահամալիր, որտեղ անցկացվելու է առաջնությունը: Նա ծանոթացել է մրցավայրի պայմաններին եւ տվել իր հավանությունը.

«Այժմ մենք համատեղ ծրագրեր ենք կազմում, որպեսզի կարողանանք լավագույնս անցկացնել Մ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը: Քայլ առ քայլ առաջ ենք շարժվում: Օգտագործելու ենք «Դինամո» մարզահամալիրի բոլոր դահլիճները՝ պատշաճ մակարդակ ապահովելու համար: Սախվաձեի հետ այցելեցինք նաեւ հյուրանոցներ, որտեղ հանգրվանելու են մարզիկները: Նա շատ գոհ է պայմաններից:

Ֆեդերացիան ստեղծել է կազմակերպչական կոմիտե, որը յուրաքանչյուր շաբաթ ժողովներ է անցկացնում եւ քննարկում առաջնության հետ կապված բոլոր հարցերը»,- ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասաց Արմեն Գրիգորյանը:

ՀՍՖ նախագահի կարծիքով յուրաքանչյուր մրցաշար օգնում է տվյալ երկրում այդ մարզաձեւի զարգացմանը: Արմեն Գրիգորյանի խոսքով՝ սա նաեւ կնպաստի հայկական սուսերամարտի լավագույն ավանդույթների վերականգնմանը.

«Մենք մեծ հաջողություններ ենք ունեցել՝ օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի առաջնության մրցանակակիրներ, ԽՍՀՄ չեմպիոններ: Վերջին տարիներին մարզչական կազմի, սուսերամարտիկների սակավության պատճառով նահանջել ենք: 

Հեռանկարային մարզիկներ ունենք՝ Էմմա Պողոսովան, Մայքլ Հովհաննիսյանը, Էդուարդ Օվիկյանը: Նրանք երիտասարդ են, բայց երկար ժամանակ սպորտում են: Հուսով եմ՝ Երեւանում մեր մարզիկները հաջող հանդես կգան: Սա շատ լավ առիթ է նաեւ, որ նրանք հայտ ներկայացնեն Տոկիո-2020-ի վարկանիշային մրցաշարերում»,- ասաց ֆեդերացիայի նախագահը:

Արմեն Գրիգորյանը նշեց, որ դեկտեմբերին Հայաստան կժամանի Եվրոպայի կոնֆեդերացիայի գլխավոր քարտուղարը: Նա կայցելի մրցավայր ու կծանոթանա պայմաններին: Իսկ հաջորդ տարի մինչեւ առաջնության մեկնարկը Հայաստան կայցելի Եվրոպայի կոնֆեդերացիայի նախագահը:

 

Այլ նորություններ