Կյանքից հեռացել է հեծանվային սպորտի վաստակավոր մարզիչ Ալբերտ Սոլոյանը

14:00 - 28 Հոկ, 2015

Կյանքից հեռացել է հեծանվասպորտի հայտնի մարզիչ և մանկավարժ, Հայաստանի Հանրապետության վաստակավոր մարզիչ Ալբերտ Սուրենի Սոլոյանը:

Ալբերտ Սոլոյանը ծնվել է 1949 թվականին Սյունիքի մարզի Ղափան քաղաքում: 1967 թվականին ավարտել է Գյումրու թիվ 28 միջնակարգ դպրոցը: Նույն տարի ընդունվել է Ֆիզիկական Կուլտուրայի Հայկական Պետական Ինստիտուտ, որը ավարտել է 1971 թվականին: Խորհրդային բանակում ծառայելուց հետո, աշխատանքի է անցել «Աշխատանքային ռեզերվներ» կամավոր մարզական ընկերությունում: 1975 թվականին նշանակվել է հանրապետության ազգային հավաքականի ավագ մարզիչ՝ աշխատելով  մինչև 1997 թվականը: Նույն թվականին հրավիրվել է Իրանի Իսլամական Հանրապետություն, որպես երկրի հավաքականի գլխավոր մարզիչ: 2000-2002 թվականներին գլխավորել է Մալազիայի հավաքական թիմը, իսկ 2003-2005 թվականներին հրավիրվել է Հոնգ Կոնգ և գլխավորել է հավաքական թիմը: 2005-2006  թվականների ընթացքում գլխավորել է Չինաստանի հավաքականը: 2007 թվականից աշխատել է ՀՀ-ում՝ գլխավորելով հեծանվասպորտի ազգային հավաքականը: 2008 թվականին մայիսից նշանակվել է հեծանվային սպորտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն: 2014-2015 եղել է Վրաստանի հեծանվային սպորտի հավաքական թիմի ավագ մարզիչ:

Ամուսնացած էր, ուներ երկու զավակ:

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն խորին ցավակցություն ու զորակցություն է հայտնում Ալբերտ Սոլոյանի ընտանիքի անդամներին և հարազատներին: 

Լուսանկարը՝ Photolur-ի: 

ՀԱՕԿ լրատվության բաժին

Այլ նորություններ