Առաջնությունը հնարավորություն կտա ձևավորելու Հայաստանի հավաքականը. Արման Վահանյան

11:15 - 26 Հոկ, 2015

Գյումրու քաղաքային լողավազանում կայացավ լողի Հայաստանի պատանեկան առաջնությունը, որին մասնակցում էին մոտ 150 լողորդ:

«Այս առաջնությունը հնարավորություն կտա ընտրելու լավագույն պատանի լողորդներին և ձևավորելու Հայաստանի հավաքականը: Ընտրված լողորդները դեկտեմբերին Եկատերինբուրգում կմասնակցեն Ալեքսանդր Պապովի անվան մրցաշարին: Լողը Հայաստանում զարգացնում է և շարունակում է առաջ գնալ: Այս տարի պատանի աղջիկների կողմից հանրապետության երեք ռեկորդ է սահմանվել: Լավ սերունդ ունենք, դա կարևոր նախադրյալ է մարզաձևի զարգացման համար: Կարևոր է նաև մարզումային տարածքը՝ լողավազան ունենալը: Այն, որ Գյումրիում լողավազանը ձմռան ամիսներին փակվում է, իհարկե մեծ խոչընդոտ է: Հույս ունենք, որ այդ հարցը մոտ ժամանակներս կլուծվի, հակառակ դեպքում՝ կընտրվեն Գյումրիի լավագույն լողորդները և կգան Երևան՝ մարզվելու»,- ՀԱՕԿ լրատվության բաժնի լրագրողի հետ զրույցում նշեց լողի Հայաստանի պատանեկան հավաքականի գլխավոր մարզիչ Արման Վահանյանը:

Հանրապետության առաջնությունը Գյումրիում անցկացնելու նպատակը սպորտը Հայաստանի ողջ տարածքով մասսայականացնելն է: Առաջնությանը մասնակցում էին Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքները ներկայացնող լողորդները:  

Լուսանկարներն՝ այստեղ:

Այլ նորություններ