Մարմնամարզիկ Արթուր Դավթյանի մասնակցությունն աշխարհի առաջնությանը վտանգված է

15:45 - 14 Հոկ, 2015

Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը հարցականի տակ է դնում աշխարհի առաջնությունից օլիմպիական վարկանիշ ձեռք բերելը:

«Արթուր Դավթյանի մոտ մինչև շաբաթ օրն ամեն ինչ լավ էր:  Մեր առաջատարը՝ Օլիմպիական խաղերի ուղեգրի հիմնական հույսը, վատառողջ է: Շաբաթ օրվանից անհասկանալի բաներ են կատարվում մարմնամարզիկի հետ: Հինգ օր է շարունակական գլխապտույտներից է բողոքում: Մի քանի օրից պետք է մեկնենք, բայց մինչև այսօր բժիշկները չեն կարողանում հասկանալ, թե ինչ է կատարվում տղայի հետ: Մեր մարզաձևում գլխապտույտը շատ մեծ խնդիր է: Մինչև ուրբաթ օրը ստուգողական բոլոր մարզումները շատ լավ են անցել: Հարություն Մերդինյանն ու Վահագն Դավթյանը նորմալ մարզավիճակում են: Եթե նրանք ցույց տան նույն արդյունքներն, ինչ անում են մարզումների ժամանակ, եզրափակիչ կարող են հասնել: Արթուր Դավթյանը աշխարհում լավագույններից մեկն է բազմամարտում: Հենց այստեղ է մեծ օլիմպիական ուղեգիր նվաճելու հավանականությունը: Իսկ առանձին գործիքների վրա, ուղեգիր նվաճում են նրանք, ովքեր մրցանակային տեղ են զբաղեցնում, այստեղ մի քիչ ավելի բարդ է: Ցավոք սրտի, աշխարհի առաջնությունից բացի, վարկանիշային այլ մրցումներ չունենք և հենց դա է պատճառը, որ այսքան անհանգստացած ենք: Այլ հնարավորություն չենք ունենա: Ամբողջ աշխատանքը ջուրն է գնում»,-ՀԱՕԿ լրատվականի լրագրողի հետ զրույցում ասաց հավաքականի գլխավոր մարզիչը: 

Մարմնամարզության Հայաստանի հավաքականի կազմում հանդես կգա նաև Հուռի Գեբեշյանը, ով ապրում և մարզվում է ԱՄՆ-ում: «Նա գալիս է ԱՄՆ-ից, բայց հայուհի է: Մարզիչն էլ է հայ: Հուռին Եվրոպայի առաջնությունում բավականին լավ արդյունքի հասավ: Մարմնամարզիկն օլիմպիական վարկանիշ ձեռք բերելու շատ մեծ հնարավորություն ունի»,-ասաց մարզիչը:

Հոկտեմբերի 23-ից նոյեմբերի 1-ը Շոտլանդիայի մայրաքաղաք Գլազգոյում կկայանա մարմնամարզության աշխարհի առաջնությունը, որը վարկանիշային է 2016 թվականի Օլիմպիական խաղերի համար: Պլանավորված է, որ Հայաստանը կներկայացնեն Վահագն Դավթյանը, Հարություն Մերդինյանը, Արթուր Դավթյանը և Հուռի Գեբեշյանը:

 ՀԱՕԿ լրատվության բաժին                   

Այլ նորություններ