Վահագն Հարությունյան. Հաջորդ տարի հանդես կգանք Եվրոպայի առաջնության B դիվիզիոնում

18:02 - 11 Հուլ, 2017

Բասկետբոլի Մ 18 տարեկան աղջիկների Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում այս տարի Հայաստանի հավաքականը երկրորդն էր: Մեր թիմը զիջել է միայն հիմնական մրցակից Կիպրոսին: Հավաքականի ավագ մարզիչ Վահագն Հարությունյանի խոսքով պարտության պատճառը հոգեբանական էր, քանի որ բացակայում էին թիմի առաջատարներից մի քանիսը: ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում մարզիչն ամփոփեց առաջնության արդյունքները.

«Ես վստահ էի, որ Մալթա մեկնում ենք չեմպիոնության համար: Բայց, բացման արարողությունից սկսած մեր բասկետբոլիստների մոտ հոգեբանական լարվարծություն կար: Մրցակիցները կանգնած էին 11-12 բասկետբոլիստով, իսկ մենք` 7: Ինչպես հայտնի է, թիմի կազմում բացակայում էին մեր առաջին համար Վիկտորյա Տոնոյանը եւ առանցքային խաղացողներ:

Առաջին խաղը Կիպրոսի հետ էր: Այն որոշելու էր չեմպիոնության հարցը: Նրանք զգացին, որ մեր բասկետբոլիստները հոգեբանորեն լարված են եւ երկրորդ խաղակեսից հետո առավելություն ստացան: Մեր ուժերը սպառվել էին, բայց ոչ թե ֆիզիկապես, այլ հոգեպես: Գործնականում առանց փոխարինումների ենք խաղացել»,- ՀԱՕԿ լրատվականին ասաց Վահագն Հարությունյանը:

Մարզիչը գիտակցում է, որ իր սաները Կիպրոսի հավաքականից ավելի ուժեղ էին: Նա վստահ է, որ այդ կազմով էլ չէին պարտվի, եթե խաղը լիներ մրցումային գոնե երկրորդ օրը.

«Նույնիսկ Մալթայի բնակիչների, երկրպագուների համար առաջինը մենք էինք:

Հաջորդ տարի նախատեսում ենք հանդես գալ B դիվիզիոնում, սակայն դեռեւս որոշված չէ Մ 18, թե Մ 20 տարիքային խմբում: C դիվիզիոնում այլեւս անելիք չունենք»,- նշեց Վահագն Հարությունյանը:

Եվրոպայի B դիվիզիոնի առաջնությանը մասնակցում են եվրոպական 20-ից ավելի երկրներ:

Այլ նորություններ