Կայացել է ՀՇՖ հաշվետու-ընտրական կոնֆերանսը

20:31 - 08 Հուլ, 2017

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն այսօր կայացել է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի հաշվետու-ընտրական կոնֆերանսը, որը վարել է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահ, Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը:

Մինչ կոնֆերանսի աշխատանքներն սկսելը ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են անցած չորս տարիների ընթացքում կյանքից հեռացած իրենց գործընկերների՝ Աշոտ Անաստասյանի, Գագիկ Հովհաննիսյանի, Ստեփան Ավագյանի, Արմեն Նիկողոսյանի, Էդուարդ Մնացականյանի, Հովհաննես Դանիելյանի, Ռոբերտ Բունիաթյանի և Ալբերտ Արուտյունովի հիշատակը:

Օրակարգի շրջանակներում կոնֆերանսն ամփոփել է հաշվետու ժամանակահատվածում՝ 2013-2017 թվականներին, ֆեդերացիայի կատարած աշխատանքները, նախանշել հետագա անելիքները, ինչպես նաև լսել վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվությունը և անցկացրել ֆեդերացիայի նախագահի ու նախագահության կազմի ընտրություններ: Քննարկվել են նաև ընթացիկ հարցեր:

Հաշվետու ժամանակահատվածում կատարված աշխատանքները ներկայացրել է ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանը: Քննարկման արդյունքում այն գնահատվել է դրական: Վերստուգիչ հանձնաժողովի նախագահ Արմեն Գեւորգյանը ներկայացրել է հանձնաժողովի հաշվետվությունը, որը հաստատվել է կոնֆերանսի պատգամավորների կողմից:

Այնուհետեւ տեղի են ունեցել ֆեդերացիայի ղեկավար մարմինների՝ նախագահի և նախագահության կազմի ընտրությունները: Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահի պաշտոնում միաձայն վերընտրվել է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը: Կոնֆերանսի պատվիրակները քննարկել և հաստատել են ֆեդերացիայի նախագահության և վերստուգիչ հանձնաժողովի կազմերը:

Ընտրություններից հետո կայացել է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նորընտիր նախագահության առաջին նիստը:

Նախագահությունը, ֆեդերացիայի կանոնադրության համաձայն, հաստատել է նախագահի տեղակալների, գործադիր տնօրենի, գլխավոր քարտուղարի թեկնածությունները, ովքեր մտնում են ֆեդերացիայի խորհրդի կազմի մեջ: Ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ է ընտրվել Սմբատ Լպուտյանը, տեղակալներ` Տարոն Մարգարյանը, Լեւոն Յոլյանը, գործադիր տնօրեն՝ Հրաչիկ Թավադյանը, գլխավոր քարտուղար՝ Միքայել Անդրիասյանը:

Նիստում հաստատվել են նաեւ ֆեդերացիայի հանձնաժողովների ցուցակը և հանձնաժողովների նախագահների թեկնածությունները:

Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահ, Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը Ֆեդերացիայի անունից այսօր Տիգրան Պետրոսյանի անվան ոսկե մեդալով պարգեւատրել է ֆեդերացիայի երկու վաստակաշատ վետերաններին՝ Յուրի Առուստամյանին և Ալյոշա Խաչատրյանին:

 

Լուսանկարը` Հայաստանի շախմատի ֆեդերացիայի

Այլ նորություններ