Կայացավ «Մենք ապագա օլիմպիականներն ենք» մարզական միջոցառումը

17:39 - 01 Հուն, 2017

ՀՀ կառավարությանն առընթեր ՊԵԿ մարզահամալիրում կայացավ երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված «Մենք ապագա օլիմպիականներն ենք» նշանաբանով մարզական միջոցառումը: Այն ավանդաբար կազմակերպում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն` ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ: Միջոցառումն իրականացվում է միջազգային օլիմպիական կոմիտեի հովանու ներքո, «Օլիմպիական համերաշխություն» ծրագրի շրջանակներում:

Գագիկ Ծառուկյանը մշտական ուշադրության կենտրոնում է պահում ոչ միայն մեծ սպորտն ու մարզական բարձրագույն նվաճումները, այլեւ, կարեւորելով մանուկների ֆիզիկական դաստիարակության խնդիրները, նրանց համար մշտապես կազմակերպում է բազմաբնույթ միջոցառումներ` դրանք վերածելով իսկական տոնի:

Այսօրվա միջոցառմանը մասնակցեցին Երեւանի եւ Հայաստանի մարզերի 25 մանկապարտեզների 200 երեխաներ:

«Մենք ապագա օլիմպիականներն ենք» մարզական միջոցառմանը ներկա էին ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը, օլիմպիական, աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն ու մրցանակակիր հայ մարզիկները: Բացման արարողության ընթացքում Հայաստանի եռագույնը մարզադահլիճ բերեց օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը:

ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը երեխաներին շնորհավորեց տոնի կապակցությամբ, մաղթեց առողջություն եւ անհոգ մանկություն.

«Հույս ունեմ, որ տարիներ հետո այս փոքրիկներից շատերն օլիմպիական խաղերում, աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում կբարձրացնեն Հայաստանի դրոշը: Ամեն տարի այս միջոցառումը կազմակերպում ենք, որպեսզի մեր փոքրիկները սիրեն սպորտը, սովորեն մրցել, պայքարել եւ հաղթել»,- ասաց Գագիկ Ծառուկյանը:

Մարզական միջոցառման ընթացքում երեխաները մրցեցին տարբեր խաղային վարժություններում ու ստացան արժեքավոր նվերներ: 

Տեսանյութը` այստեղ

Այլ նորություններ