Վազգեն Ազրոյան. Շատ հաճելի է կրկին Հայաստանում լինել

11:05 - 25 Մայ, 2017

Հայաստանի գեղասահքի առաջնությանը ներկա էր Վազգեն Ազրոյանը: Ճանաչված գեղասահորդը զուգապարերում հանդես է եկել Հայաստանի դրոշի ներքո, այդ թվում՝ 2006 թվականի Թուրինի օլիմպիական խաղերում:

«Երեւանում եմ որպես մարզիչ,-ՀԱՕԿ լրատվականին ասաց Վազգեն Ազրոյանը,- Հայաստանի առաջնությանը մասնակցեց սանս` Կոնստանտին Միլյուկովը: Նա 22 տարեկան է, մենք արդեն չորս տարի է միասին ենք աշխատում: Կոնստանտինը Հայաստանի քաղաքացիություն է ստացել եւ նոր մրցաշրջանում կկարողանա հանդես գալ ազգային հավաքականի կազմում:

Զուգապարերի ցուցադրական ելույթում հանդես եկան դուստրս` Վիկտորյան (շուտով 14 տարին կլրանա) եւ Ֆիլիպ Խարիսովը, որոնք վերջերս սկսել են միասին սահել մինչեւ 21 տարեկանների տարիքային խմբում: Հուսամ՝ ազգային ֆեդերացիան նրանց կթուլյատրի հանդես գալ Հայաստանի դրոշի ներքո:

Ես մարզական կարիերաս 2008 թվականին եմ ավարտել: Շատ հաճելի է նորից այստեղ գալ:

Ջերմությամբ եմ հիշում Հայաստանի դրոշի ներքո հանդես գալու տարիները, երբ ես պատվի արժանացա լինելու Թուրինի ձմեռային օլիմպիական խաղերի բացման դրոշակակիր: Վերջին երեք ու կես տարիներին աշխատել եմ Կազանում, որպես Թաթարստանի Հանրապետության հավաքականի գլխավոր մարզիչ: Այժմ Մոսկվա եմ վերադարձել, որտեղ շարունակում եմ մարզել»,-պատմեց Վազգեն Ազրոյանը:

 

 

Լուսանկարում` Վազգեն Ազրոյանը եւ Կոնստանտին Միլյուկովը

Այլ նորություններ