Լեւոն Ջուլֆալակյան. Հուսով եմ, 2018 թվականից ըմբշամարտը նորից դիտարժան մարզաձեւ կդառնա

21:59 - 20 Մայ, 2017

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը, որը նաեւ ըմբշամարտի ֆեդերացիայի մարզչական խորհրդի նորանշանակ ղեկավարն է, ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում մեկնաբանեց Նովի Սադում կայացած Եվրոպայի առաջնության արդյունքները եւ ասաց, թե ինչ է սպասում ըմբշամարտի նոր կանոններից.

«Մայրցամաքի առաջնությանը մի քանի մարզիկների մասնակցությունից գոհ եմ, որոշներից` ոչ: Գեւորգ Ղարիբյանը (59 կգ) միջազգային մրցաշարերի լուրջ փորձ չուներ: Մեկնարկային գոտեմարտում մոտ էր հաղթանակին, բայց…մի խոսքով գոհ չեմ նրանից: Նույնը կասեմ նաեւ Կարեն Ասլանյանի մասին (66 կգ), որը ամենավերջում հաղթանակը հակառակորդին տալու իրավունք չուներ: Անբավարար հանդես եկան Ռաֆայել Ալեքսանյանը (71 կգ) եւ Սարգիս Քոչարյանը (80 կգ), որը մեծ ներուժ ուներ:

Գոհ եմ Կարապետ Չալյանից (75 կգ), որը լավ գոտեմարտեր անցկացրեց, բայց ներկայիս կանոնները թույլ են տալիս մրցավարներին միջամտել արդյունքներում հօգուտ այս կամ այն կողմի: Նա ամբողջովին պատրաստ էր մրցանակակիր դառնալուն: Մաքսիմ Մանուկյանը եւս լավ գոտեմարտեր անցկացրեց, բայց նրա հետ էլ տեղի ունեցավ այն, ինչ` Չալյանի:

98 կգ քաշային կարգում Արթուր Ալեքսանյանից, բնականաբար, բոլորը ոսկե մեդալ էին ակնկալում: Նա արմունկի եւ ծնկի վնասվածքներ ուներ, եւ մենք ցանկանում էինք, որ բաց թողնի այս առաջնությունը: Բայց նրա խնդրանքին ընդառաջ գնացինք եւ մասնակցության որոշում կայացվեց: Ինձ մարզիկի տրամադրվածությունն ուրախացրեց: Արթուրը մի քանի միջազգային մեկնարկներ էր բաց թողել եւ շատ էր ցանկանում մրցագորգ վերադառնալ: Նման կարգի մարզիկին մերժելը ճիշտ չէ: Բացի այդ մարզումները հաստատում էին նրա պատրաստվածությունը: Նորվեգացի մարզիկն Արթուրի դեմ լավ գոտեմարտ անցկացրեց: Իհարկե, պարտությունը տխրեցնում է: Բայց այդ պարտությունն ինձ 2016 թվականի Ռիգայի Եվրոպայի առաջնությունն է հիշեցնում, որտեղ Արթուրը երկրորդ տեղը զբաղեցրեց: Այն ժամանակ ասացի, որ այդ անհաջողությունն Արթուրի համար` պայքարելու եւ նոր հաղթանակների հասնելու հրաշալի խթան կդառնա: Կարծում եմ, հիմա էլ այդպես կլինի: Ցանկացած պարտությունից կարելի է դասեր եւ ինչ-որ դրական բաներ քաղել: Պետք չէ դժգոհել եւ ողբ սարքել:

Մեր գերծանր քաշային Վաչիկ Եղիազարյանը դեռ զիջում է մրցակիցներին: Այս քաշում մենք նաեւ Էդուարդ Խաչատրյան ունենք: Հավաքականի կազմում նրանք Թբիլիսիում միջազգային մրցաշարի կմասնակցեն (հունիսի 9-12-ը), որտեղ ընդլայնված կազմ կփորձարկենք: Վրաստանի մայրաքաղաքում անցկացվելիք մրցաշարը կօգնի մեզ աշխարհի առաջնությունից առաջ իրերի իսկական դասավորությունը հասկանալ: Մեր այսօրվա գլխավոր նպատակը լուրջ թիմ ձեւավորելն է, որպեսզի օլիմպիական ցիկլի որոշիչ փուլին լավ պատրաստված մոտենանք: Ներկայիս պարտությունները պետք է հանգիստ ընդունվեն:

Երկրպագուներն իհարկե հնարավոր է տխրեն, բայց շատ երկրներ այսօր անգամ մեկ մեդալի դեպքում են ուրախ լինում:

Ըմբշամարտի ներկայիս կանոններն այսօր շատերին են խորը հիասթափություն պատճառում: Եվրոպայի վերջին առաջնությունում կարելի է ընդամենը 4-5 գոտեմարտ առանձնացնել: Մնացածներն ավելի շատ սումոյի էին նման, եւ հաճույք չեն պատճառում ըմբշամարտի իսկական գնահատողներին:

Ես ուժեղ եւ տաղանդավոր մարզիկների համար եմ մտահոգվում, որոնք ներկայիս կանոնների պատճառով հեշտությամբ կարող են անարդարացի պարտություն կրել: Նրանց թվում է նաեւ Արսեն Ջուֆալակյանը, որը այսօր շարունակում է ինտեսիվորեն մարզվել:

Դրա համար էլ, անկախ նրա մեծ ցանկությունից, թույլ չեմ տալիս, որ մրցի: Տալլինի միջազգային մրցաշարում, որտեղ նոր կանոնները փորձարկվեցին, Արսենը բոլոր մենամարտերում ժամանակից շուտ հաղթանակ տարավ: Նա շատ է աշխատում` ձգտելով հաղթանակի օլիմպիական խաղերում:

Ըմբշամարտի համաշխարհային միությունը (UWW) քայլեր է նախաձեռնել իրավիճակը փոխելու համար: Հուսով եմ , որ 2018 թվականի հունվարի 1-ից նոր կանոններն ուժի մեջ կմտնեն, եւ ըմբշամարտը կրկին դիտարժան մարզաձեւ կդառնա: Շատ ավելի լավ կլինի, եթե դա Փարիզում կայանալիք աշխարհի առաջնությանը տեղի ունենա, չնայած ժամանակ քիչ է մնում»,-ասաց Լեւոն Ջուլֆալակյանը:

Այլ նորություններ