Ջրացատկորդ Հարությունյան եղբայրները կմասնակցեն Մադրիդի «Գրան Պրիին»

13:55 - 11 Մայ, 2017

Մայիսի 26-28-ը հայ ջրացատկորդները կմասնակցեն Մադրիդի «Գրան Պրիին»: Հավաքականի գլխավոր մարզիչ Հրաչյա Չանդիրյանը ՀԱՕԿ լրատվականին հայտնեց, որ մրցաշարին մասնակցելու են Ազատ եւ Վլադիմիր Հարությունյանները.

«Ազատը լիարժեք չի վերականգնվել վնասվածքից, սակայն դեռ մի քանի օր ունենք: Նա կմասնակցի միայն սինքրոն ցատկ մրցաձեւում, որպեսզի շատ չծանրաբեռնվի եւ վնասվածքը չխորանա: Իսկ Վլադիմիրը հանդես կգա նաեւ անհատական ցատկում:

Եղբայրների մարզավիճակն իդեալական չէ, պատրաստվելու քիչ ժամանակ ունեինք, բայց կփորձենք առավելագույնի հասցնել:

Մադրիդի «Գրան Պրին» մեզ համար կարեւոր է որպես մրցափորձ, Եվրոպայի առաջնությունից առաջ: Արդյունքներին այնքան էլ ուշադրություն չեմ դարձնում: Դեռ չգիտեմ ուժեղագույն մարզիկներ մասնակցելո՞ւ են, թե` ոչ: Այդ պատճառով դժվարանում եմ ասել՝ արդյո՞ք մեդալի շանս կունենանք: Մեր գլխավոր նպատակը Եվրոպայի առաջնությունն է»,- ասաց Հրաչյա Չանդիրյանը:

Ջրացատկի Եվրոպայի առաջնությունը կկայանա հունիսի 12-18-ը Կիեւում: Հայաստանը կներկայացնի երեք մարզիկ, սակայն հավաքականի գլխավոր մարզիչը դեռեւս չի որոշել թիմի կազմը:

Այլ նորություններ