Հրաչյա Չանդիրյան. Ջրացատկի Հայաստանի առաջնությունում համաշխարհային մակարդակի արդյունքներ եղան

10:24 - 26 Ապր, 2017

«Հայաստանի առաջնությունը ցույց տվեց, որ ոստնակացատկում այնքան էլ փառահեղ վիճակում չենք, բայց աշտարակացատկում զարմանալիորեն լավ մրցակցություն եղավ, ինչն ինձ շատ ուրախացրեց», - ՀԱՕԿ լրատվականին ասաց ջրացատկի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հրաչյա Չանդիրյանը հանրապետության առաջնության ավարտից հետո.

«Մրցանակային երեք տեղերն զբաղեցրած Վարդան Բայանդուրյանը, Վլադիմիր Հարությունյանը եւ Լեւ Սարգսյանը հատեցին 400 միավորի սահմանը, ինչը լուրջ թիվ է: Ռիոյի օլիմպիական խաղերի վարկանիշ մենք կարող էինք նվաճել 380 միավորով, ինչը տղաներից ոչ մեկին չհաջողվեց: Իսկ Հայաստանի առաջնությունում 400 միավորը բարձրակարգ մարզիկների արդյունք է, ինչը մեր աշտարակացատկորդներին աշխարհի առաջնությունում կարող է թույլ տալ տեղ զբաղեցնել 18 լավագույնների մեջ: Եվ սա այն դեպքում, երբ մեր աշտարակացատկորդներն այս տարի տարբեր պատճառներով գրեթե չեն մարզվել», - ասաց մարզիչը:

Հայաստանի առաջնության ավարտի նույն գիշերը Հրաչյա Չանդիրյանը, Վլադիմիր եւ Ազատ Հարությունյան եղբայրների հետ մեկնել է Կիեւ՝ մասնակցելու Ուկրաինայի գավաթի բաց առաջնությանը: Տղաները մասնակցելու են անհատական եւ սինքրոն 10 մետր աշտարակացատկերին, որից հետո վերադառնալու են Երեւան եւ սկսելու են նախապատրաստվել հունիսի կեսերին նույնպես Կիեւում կայանալիք Եվրոպայի առաջնությանը.

 «Եվրոպայի առաջնությանը մասնակցելու ենք երեք մարզիկով, որի համար նախապատրաստական փուլի ավարտին ես պետք է ընտրություն կատարեմ չորս աշտարակացատկորդների՝ Վարդան Բայանդուրյանի, Վլադիմիր եւ Ազատ Հարությունյանների եւ Լեւ Սարգսյանի միջեւ», - ասաց Հրաչյա Չանդիրյանը:

Այլ նորություններ