Արթուր Թովմասյան. Նման իրավիճակներում փորձում եմ վայելել այդ րոպեները

15:39 - 29 Մար, 2017

Դոհայում անցկացված մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության փուլի ոսկե մեդալակիր Արթուր Թովմասյանը (օղակներ) վնասվածքից հետո առաջին անգամ դուրս եկավ միջազգային հարթակ: Հայ մարմնամարզիկն այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, որ մրցաշարից առաջ անվստահություն ուներ, սակայն կարողացավ հավաքվել եւ եզրափակչում լավ ելույթ ունենալ.

«Վիրահատությունից հետո վեց ամիս չէի կարողանում օղակների վրայից ցատկ կատարել: Դա մեծ անվստահություն էր ինձ համար: Մարզիչներն ամեն ինչ անում էին, որ լավ հանդես գամ: Ազգային առաջնությունում բավական վստահություն ձեռք բերեցի, չնայած` լավ ելույթ չունեցա: Եթե մարզիչներս գոհ չեն իմ կատարումից` ես չեմ կարող գոհ լինել:

Փառք Աստծո, Դոհայում որակավորման փուլից հետո ավելի վստահ էինք  ե´ւ ես, ե´ւ մարզիչները: Կարողացա հավաքվել եւ լավ կատարել վարժությունը: Երկար դադարից հետո կանգնեցի պատվո հարթակի առաջին աստիճանին. նման պահերին անբացատրելի զգացողություններ եմ ունենում: Այսպիսի իրավիճակներում փորձում եմ վայելել այդ մի քանի րոպեները: Հետո նորից աշխատելու ժամանակն է գալիս»,-ասաց Արթուր Թովմասյանը:

Այլ նորություններ