Տափօղակով հոկեյի «Արարատ» ակումբի ճակատագիրն անորոշ է

16:27 - 27 Մար, 2017

Երեւանը ներկայացնող տափօղակով հոկեյի «Արարատ» ակումբն այս տարի հանդես եկավ Բելառուսի բարձրագույն խմբի առաջնությունում, որտեղ դուրս գալով փլեյ-օֆֆ, քառորդ եզրափակչում, հինգ հանդիպումների արդյունքով (2:3) զիջեց «Գոմելին»:

ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ակումբի տնօրեն Ռուբեն Ստեփանյանը հայտնեց, որ «Արարատ» ակումբի ճակատագիրն անորոշ է.

«Ամեն ինչ կախված է ֆինանսներից: Մենք ակումբը մեր ուժերով ենք պահում, իսկ դա այնքան էլ հեշտ չէ: Բելառուսին զուգահեռ կա նաեւ Ռուսաստանի տարբերակը: Մենք կարող էինք խաղալ հոկեյի երիտասարդական լիգայում, բայց այնտեղ հեշտ չէ մտնել, պետք է մի շարք պահանջների համապատասխանել:

Օրերս, «Սոչի» հոկեյի ակումբի գործադիր տնօրեն Սերգեյ Վորոպաեւը հայտարարել է, որ ակումբը հետաքրքրված է հայ հոկեյիստների ներգրավմամբ: Այդ հարցի հետ կապված ես կոնկրետ ինֆորմացիայի չեմ տիրապետում:

Ապրիլի 10-16-ը Սոֆիայում կանցկացվի տափօղակով հոկեյի երրորդ դիվիզիոնի աշխարհի առաջնությունը: Մենք կարող էինք այնտեղ խաղալ եւ հաղթելու մեր հնարավորությունները բավականին բարձր կլինեին: Բայց ցավոք սրտի, տափօղակով հոկեյի Հայաստանի ֆեդերացիան, հոկեյիստների անհրաժեշտ փաստաթղթերի հետ կապված հարցրերը մինչեւ հիմա չի կարողացել լուծել»,- ասաց Ռուբեն Ստեփանյանը:

Լուսանկարը` «Արարատ» հոկեյի ակումբի Вконтакте պաշտոնական էջից

Այլ նորություններ