Կայացավ թաեքվոնդոյի Հայաստանի առաջնությունը

11:35 - 10 Մար, 2017

Երևանում կայացավ թաեքվոնդոյի Հայաստանի առաջնությունը, որին մասնակցում էին շուրջ 50 մարզիկներ Երևանից, մարզերից և Արցախից:

Առաջնության հաղթողներ դարձան Տիգրան Գրիգորյանը (54կգ), Գարեգին Մախմուրյանը (58կգ), Սերգեյ Ավանեսովը (63կգ), Սերգեյ Վարդազարյանը (68 կգ), Հենրիխ Բադալյանը (74կգ), Դավիթ Վարդումյանը (80 կգ), Արսեն Գրիգորյանը (87 կգ) և Լեոնիդ Հարությունյանը (+87 կգ):

ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում Հայաստանի թաեքվոնդոյի ֆեդերացիայի փոխնախագահ, գործադիր տնօրեն Վարդան Ղահրամանյանը հայտնեց, որ առաջնության արդյունքներով կձևավորվի հավաքականի կազմը: Ազգային հավաքականը, Գևորգ Դանիելյանի գլխավորությամբ, ապրիլի 16-17-ը Թեհրանում կմասնակցի «Fujairan Open 2017» միջազգային մրցաշարին, իսկ մայիսին, Հարավային Կորեայի Մուջու քաղաքում, աշխարհի առաջնությանը:

«Մարտի 13-ից մեր 6-7 մարզիկներ «Դինամո» մարզական ընկերությունում կմասնակցեն կենտրոնացված մարզումների: Դրանից հետո հավաքականը կմեկնի Իրանի մայրաքաղաք: Հնարավոր է, Թեհրանի մրցաշարից հետո հենց այնտեղ էլ աշխարհի առաջնության նախապատրաստական ուսումնամարզական հավաք անցկացնենք»,- ասաց Վարդան Ղահրամանյանը:

Հանրապետության 8 չեմպիոններից 3-ը (Մախմուրյան, Գրիգորյան, Հարությունյան) Եվրոպայի չեմպիոն, ուսանողական խաղերի եռակի բրոնզե մեդալակիր Արման Երեմյանի աշակերտներն են.

«Արմանն ուժերն է փորձում մարզչի դերում և զուգահեռ շարունակում է մարզական կարիերան` հանդես գալով 87 կգ քաշային կարգում»,- տեղեկացրեց ազգային ֆեդերացիայի փոխնախագահը:

Այս մրցաշրջանում մեր թաեքվոնդոիստներին, աշխարհի առաջնությունից բացի, տարբեր քաշային կարգերի Եվրոպայի մի քանի առաջնություններ են սպասվում. ապրիլի 6-9-ը Սոֆիայում կկայանա մինչև 21 տարեկանների մրցաշարը, սեպտեմբերի 7-9-ը Մինսկում` օլիմպիական քաշային կարգերի (58, 68, 80, +80 կգ) մայրցամաքային առաջնությունը, սեպտեմբերի 21-24-ը Բուդապեշտում՝ 13-14 տարեկանների առաջնությունը, իսկ նոյեմբերի 2-5-ը Լարնակայում (Կիպրոս)` 14-17 տարեկանների պատանեկան առաջնությունը:

 

Լուսանկարը` Հայաստանի թաեքվոնդոյի ֆեդերացիայի

Այլ նորություններ