Այսօր խուլերի մշակույթի և սպորտի հանրապետական պալատում անցկացվեց ձյուդոյի մինչև 18 տարեկան պատանիների Հայաստանի առաջնությունը, որին մասնակցեց 208 մարզիկ, այդ թվում 12 աղջիկ՝ Երևանից, մարզերից և ԼՂՀ-ից: Տղաները մրցակցում էին 8 քաշային կարգում, աղջիկները՝ 3:
Տղաների պայքարում հաղթեցին Յուրի Իսրայելյանը (50կգ), Արսեն Ավետիսյանը (52կգ), Արտյոմ Ղալաչյանը (60կգ), Ռոբերտ Թորոսյանը (66 կգ), Սամվել Գևորգյանը (73 կգ), Մամիկոն Ավետիսյանը (81կգ), Էրիկ Գոռ Համզոյանը (90կգ), Սահակ Գինոսյանը (+91կգ), աղջիկների մրցակցությունում՝ Մելինե Մամիկոնյանը (48կգ), Նունե Նազարյանը (52կգ), Վարսիկ Գրիգորյանը (57կգ) և Աննա Ղազարյանը (+57կգ):
Առաջնության արդյունքներով կձևավորվի Հայաստանի հավաքականը, որը կմասնակցի միջազգային մրցաշարերի:
Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի փոխնախագահ Դավիթ Խիթարյանը ՀԱՕԿ լրատվականին տեղեկացրեց, որ պատանի ձյուդոիստները փետրվարի 7-ից հավաք կսկսեն Աբովյան քաղաքում՝ պատրաստվելով Եվրոպայի գավաթի խաղարկությանը (Տուլա, ՌԴ, ապրիլի 1-2): Այդ ժամանակ վերջնականապես կձեւավորվի հավաքականը, որը, մարզիչ Հակոբ Առաքեյանի գլխավորությամբ, հունիսի 30-ից հուլիսի 2-ը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը (Կաունաս, Լիտվա):
Մրցաշրջանի կարևոր մեկնարկներից է նաև Եվրոպայի պատանեկան օլիմպիական փառատոնը՝ հուլիսի 23-30-ը Հունգարիայի Դյոր քաղաքում: Իսկ տարվա գլխավոր իրադարձությունը կլինի օգոստոսի 9-ից 13-ը Չիլիի մայրաքաղաքում կայանալիք աշխարհի առաջնությունը, որտեղ կխաղարկվեն նաեւ 3-րդ պատանեկան ամառային օլիմպիական խաղերի ուղեգրեր:
ՀԱՕԿ լրատվության բաժին