Ռիոյի սիրտը՝ ֆավելաները

12:00 - 10 Օգո, 2016

Ռիոն բազմազանությունների, միախառնությունների և ծայրահեղությունների քաղաք է: Մեծ, անասելի մեծ, սարսափելի շատ խցանումներով և հրաշալի ծովափերով:

Օգոստոսի 9-ը Հայաստանի օլիմպիական հավաքականի ազատ օրն էր, և մենք որոշեցինք մեր հանգստյան օրն օգտագործել և այցելել այնտեղ, ուր սովորաբար արգելվում են այցելությունները՝ ֆավելաներ: Լինել Բրազիլիայում, այս դեպքում` Ռիոյում և ներսից չտեսնել իսկական բրազիլացիների անկյունն, աններելի կլիներ:

Ուղևորությունը ֆավելաներ սկսվեց առավոտյան, քանի որ մեզ նախապես զգուշացրել էին՝ ֆավելա տանող տուրը բավականին երկար է, իսկ մենք ցանկություն ունեինք մեկ օրում այցելել Ռիոյի և, ինչու ոչ, ամբողջ Բրազիլիայի խորհրադանիշ համարվող Հիսուսի արձանը ևս: Նախ, հասանք մեր հյուրանոցից բավականին հեռու՝ քաղաքի հակառակ ծայրում գտնվող ֆավելա: Մեզ ուղեկցում էին Պեդրոն և Անան, ովքեր տուրիստների համար այցելություններ են կազմակերպում դեպի ֆավելաներ: Դեպի սարի գագաթը տանող ճանապարհի կեսը հաղթահարեցինք մոտոներով, այնուհետև ոտքով բարձրացանք դեպի սարի գագաթը տանող մյուս կեսը: Անխոս, այն շատ ծանր և հոգենցուցիչ էր, սակայն գագաթից բացվող տեսարանի համար այդ ճանապարհը կարելի է նորից անցնել: Ոտքերիդ տակ՝ թռչնի թռիչքի բարձրությունից, բացվում են Կոպակաբանա և Իպանեմա ծովափերը: Մի կողմից օվկիանոսը, հակառակ կողմից՝ Ռիոյի սիրտը՝ ֆավելաները և ծովափերը:

Վերևից բացվող տեսարաններից մեկում երևում է Ռիոյի ամենամեծ ֆավելան, որտեղ ապրում են 200 հազար մարդ: Մի պահ կմտածեք աներևակելի շատ մեծ թիվ է, բայց՝ ոչ: Մեր եղած ֆավելան իսկապես հերթական ետնախորշերից էր, բնակիչները ոտաբոբիկ էին, տները միմյանց վրա կառուցված, մի խոսքով այնպիսին, ինչպիսին սովորաբար տեսնում ենք ֆիլմերում: Բայց ամենատպավորիչը՝ ֆավելաների հոտն է, այն անտանելի է:

Սակայն հենց այդ ֆավելայում են ծնվել և մեծացել Բրազիլիայի օլիմպիական հավաքականի երկու բռնցքամարտիկներ, ովքեր բռնցքամարտի են հաճախել ֆավելայում գտնվող մարզադպրոցում: Նրանք այս օրերին պայքարում են Օլիմպիական մեդալների համար, ապացուցելով, որ ֆավելայի բնակիչները ևս տեղ ունեն «արևի տակ»:

Մեր անցած ճանապարհի հիմնական մասում պատերի վրա նկարազարդումներ կային (Street art): Առաջին հայացքից այն գեղեցիկ աշխատանք էր թվում, բայց մի երկրորդ հայացք գցելիս` հասկանում ես, որ ավելի մեծ ենթատեքստ ունի՝ ինքնարտահայտման միջոց է:

Շրջագայությունն ավարտեցինք տիկին Նոյզայի փոքրիկ ճաշարանում, որտեղից աննկարագրելի տեսարան էր բացվում դեպի Օվկիասնոսը: Ֆավելայի բնակիչներն գուցե ունեն աշխարհի ամենագեղեցիկ տեսարաններից մեկը, բայց ապրելու համար` աղքատիկ պայմաններ: Իհարկե, այս ֆավելան ամենավտանգավորներից չէր, բայց մեզ համար պարզ էր մի բան, այս շրջանի բնակիչները չունեն ապրելու պայմաններ, նույնիսկ մաքուր ջուր, բայց երջանիկ են իրենց ունեցածով: Ուրախանում են ամենափոքր հաջողության պահին և միշտ, միշտ գնում են առաջ: Մեզ համար վառ օրինակ են Բրազիլիայի օլիմպիական հավաքականի երկու անդամները՝ Պատրիկ Լորենցոն և Միշել Բորգեսը:

Ճանապարհի վերջին կանգառը Հիսուսի արձանն էր: Պարզ, հզոր և ներշնչող:

Վարվառա Հայրապետյան

Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա

ՀԱՕԿ լրատվության պաշտոնական կայքը պատասխանատվություն չի կրում «BLOG-օրագրում» տեղ գտած գրառումների համար:

«BLOG-օրագրի» հրապարակումները վերաթողարկման ենթակա չեն:

  

 

Այլ նորություններ