Մենք ամեն ինչ անելու ենք Իռլանդիային հաղթելու համար. Տիգրան Գյոկչյան

13:30 - 01 Հուլ, 2016

Բասկետբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Տիգրան Գյոկչյանը բասկետբոլի Եվրոպայի փոքր երկրների առաջնության կիսաեզրափակչից առաջ պատասխանեց ՀԱՕԿ լրատվականի հարցերին:

-Պարոն Գյոկչյան, ի՞նչ կասեք հավաքականի առաջին խաղի մասին, որը Մոլդովայի հետ էր:

-Հայաստանի հավաքականը տարբեր կերպ սկսեց Եվրոպայի փոքր երկրների առաջնությունը: Մեր թիմը շատ լավ հանդիպում անցկացրեց Մոլդովայի հետ: Մենք բավականին լավ ուսումնասիրել էինք մրցակցին և գիտեինք նրանց թույլ և ուժեղ կողմերը: Վերլուծությունը տվեց իր արդյունքը և մենք հասկացանք իրենից ինչ է ներկայացնում Մոլդովայի հավաքականը: Մեր աշխատանքի արդյունքը եղավ վստահ հաշվով հաղթանակը:

-Անդորրայի հետ խաղում մենք պարտվեցին: Ինչո՞ւ:

-Մենք պարտվեցինք Անդորրային, քանի որ նրանք մեզ անակնակալի էին բերել: Շատ քիչ լուրեր ունեինք նրանց մասին: Թեպետ մենք հետևել էինք նրանց խաղին առաջին հանդիպման ժամանակ, սակայն այդ խաղում նրանց թիմը ներկայացել էր ոչ մարտական կազմով: Հանդիպումը ցույց տվեց, որ Անդորրան կազմակերպված թիմ է և ունի իսպանական ոճ: Անկախ դրանց, Հայաստանն կարող էր ավելի լավ խաղալ և հաջողության հասնել:

-Հայաստանն ակնհայտ առավելությամբ հաղթեց Ուելսին, ինչպե՞ս ստացվեց այդպես:

-Ուելսի դեմ խաղում բոլորը տեսան, որ ակնհայտ պայքար չկար: Թեպետ մեր հավաքականը շատ լուրջ էր տրամադրվել խաղին: Պարտությունից հետո մեծ էր ցանկությունը հաղթելու: Նախապատրասական փուլի ընթացքում Հայաստանը քիչ հանդիպումներ է անցկացրել և բացի այդ, թիմն առաջին անգամն է մասնակցում նմանատիպ միջազգային մրցաշարի: Բնական է այն, որ բասկետբոլիստները չեն կարող ամբողջ տարին հավաքականի հետ լինել: Ժամանակի հետ ամեն ինչ իր տեղն է ընկնում և թիմն էլ սկսում է աճել:

-Ի՞նչ կասեք մեր կիսաեզրափակչի մրցակցի՝ Իռլանդիայի թիմի մասին:

-Իռլանդիան կազմակերպված թիմ է, և ագրեսիվ բասկետբոլ է խաղում: Նրանք այս մրցաշարի լավագույն թիմերից մեկն են, բայց Հայաստանի հավաքակամը ևս այս մրցաշարի ֆավորիտներից է: Մենք ամեն ինչ անելու ենք Իռլանդիային հաղթելու համար: Հասցրել ենք վերլուծել նրանց և ձգտելու ենք նրանց հետ խաղում մեզ համար դրական արդյունքի հասնել:

 

ՀԱՕԿ լրատվության բաժին

Այլ նորություններ