ՄՏԱՊԱՀԵՆՔ ՄԵԴԱԼԱԿԻՐՆԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐԸ

11:07 - 13 Մայ, 2026

Բուլղարիայի Սամոկով քաղաքում անցկացվում է Եվրոպայի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 17 տարեկանների առաջնությունը։

Ուրախալի է, որ Հայաստանի  պատանեկան հավաքականի ըմբիշներն արդեն  նվաճել են  չորս մեդալ՝ մեկական  ոսկե,  արծաթե և երկու բրոնզե։

Անշուշտ, գլխավոր հերոսը 15-ամյա Վահե Հովեյանն էր: Նա 80 կգ քաշայինների պայքարի նախնական փուլերում  վստահ հաղթանակներ տանելով Թուրքիայի, Լեհաստանի և Լիտվայի պատվիրակների նկատմամբ՝   մտավ եզրափակիչ: Վճռական գոտեմարտում շնորհալի մարզիչ Սարո Սարգսյանի անձնական սանը մրցեց  Հունգարիայի ներկայացուցիչ Դոմինիկ Ժիլագինի հետ: Շնորհալի գյումրեցուց ընդամենը մեկ րոպե պահանջվեց մրցակցին  <<նոկաուտի>>  ենթարկելու / 8 : 0 /  և չեմպիոնի ոսկե մեդալին արժանանալու համար: Արժե հավելել, որ նորաթուխ չեմպիոնի մարզիչը ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Արամ Սարգսյանի եղբորորդին է: Հաջողությունը նաև վկայում է, որ մեր երկրի երկրորդ քաղաքը շարունակում է արժանապատիվ ըմբիշներ աճեցնել ազգային հավաքականի համար, այսինքն այնտեղ շարունակում է գործել չեմպիոնական դարբնոցը:  

Մեր պատանեկանի  ավագ մարզիչ Գագիկ Խաչատրյանի ղեկավարած թիմից երկրորդ տեղը գրավեց Զավեն Մեժլումյանը /  65 կգ /: Պատվանդանի երրորդ աստիճանին կանգնեցին  Արարատ Ավետիսյանը /  48 կգ / և Գեղամ Եղիազարյանը / 55 կգ /:

Մրցաշարը շարունակվում է  և այսօր ՝ մայիսի 13-ին, մեր պատվիրակներից եզրափակիչում հանդես կգան Ջանես Նազարյանը / 71 կգ / և   Ալեքսան Շալջյանը / 92 կգ /, որոնց մրցակիցներն  են  համապատասխանաբար վրացի Ռամազ Բասիլիան և   լեհ Տոմաշ Միտալը:  

Այլ նորություններ