
Բաթումում ավարտվեց Եվրոպայի ծանրամարտի հերթական առաջնությունը։
Հայաստանի տղամարդկանց հավաքականը մեդալների հաշվարկով գրավեց առաջին, իսկ կանանցը ՝ երրորդ տեղը։
Մեր թիմն ընդհանուր հաշվարկով / տղամարդկանց և կանանց արդյունքներով / նույնպես հաղթող ճանաչվեց. ինը ոսկե, ութ արծաթե և յոթ բրոնզե պարգև:
Առաջին հնգյակում են նաև հետևյալ երկրների ընտրանիները. Բուլղարիա՝ 6 + 5 + 3, Թուրքիա՝ 4 + 3 + 9, Մեծ Բրիտանիա՝ 4 +1+2 և Ուկրաինա ՝ 3 + 2 +7:
Միավորների հաշվարկով տղամարդկանց թիմերի առաջին վեցյակը հետևյալ տեսքն ունի.
Հայաստան՝ 567 միավոր, Բուլղարիա՝ 540, Թուրքիա՝ 539, Ռումինիա՝ 406, Վրաստան՝ 359 և Մոլդովա՝ 340:
Կանանց պարագայում մերոնք երրորդն են . Թուրքիա՝ 442 միավոր, Ուկրաինա՝ 436, Հայաստան՝ 424, Ռումինիա՝ 415, Մեծ Բրիտանիա՝ 350 և Իտալիա՝ 311:
Առաջնության զարդը հանդիսացավ մեր անվանի գերծանրքաշային, գյումրեցի Վարազդատ Լալայանը: Նա մրցեց . . . ինքն իր հետ: Հայ հերկուլեսը պոկեց 210 կգ , հրեց 241 կգ և երկամարտի 451 կգ –ով վստահորեն գրավեց առաջին տեղն ու երրորդ անգամ հռչակվեց հին աշխարհամասի չեմպիոն:

Երկրորդը ճանաչված ռուսաստանցի Դանիիլ Վագայցևը մեր ծանրորդին զիջեց ամբողջ 26 կիլոգրամով՝ 425 կգ (192կգ +233կգ), իսկ նրա համերկրացի Թիմուր Նանիևը ( 418 կգ (191 կգ +227 կգ) կանգնեց պատվանդանի երրորդ աստիճանին:
Անշուշտ, պետք է ընդգծել նաև մեր բարձր քաշային, դարձյալ գյումրեցի, տաղանդաշատ Գարիկ Կարապետյանի վստահ ու համարձակ ելույթը: Ինչպես նախորդ մրցարջանում, Բաթումում նույնպես, ահեղ մրցակիցների պայքարում, Գարիկը հավասարը չունեցավ:
110 կգ քաշայինների մրցությունում, ֆիզիկականից բացի, կարևոր դեր խաղացին կամային որակները: Հոգեբանական լարված մթնոլորտում մեր վարպետը արժանապատվորեն իր կամքին ենթարկեց ծանր կիլոգրամները և նվաճեց ուժեղագույնի կոչումը ( 415 կգ՝ ( 189 կգ + 226 կգ)` առաջ անցնելով Ռումինիան ներկայացրած, կուբացի Լուիս Լաուրետից` 414 կգ (195 կգ +219 կգ): Լարվածության բարձր աստիճանի մասին է վկայում նաև << բրոնզե >> արդյունքը, որը պատկանում է Գարիկին ընդամենը երեք կիոլգրամով զիջած, բուլղար Քրիստո Քրիստովին ՝ 412 կգ (190 կգ +222 կգ):

Ավելորդ չենք համարում ներկայացնել նաև մեր գեղեցկադեմ չեմպիոնուհուն ՝ 86 կգ քաշային Էմմա Պողոսյանին: Նրան ոսկեզօծեցին հետևյալ կիլոգրամները. 248 կգ (107 կգ + 141 կգ):

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն շնորհավոում է չեմպիոն մեր հավաքականներին, նրանց անձանական և թիմերի մարզչական խորհուրդներին, մարզաձևի համապետական ֆեդերացիային և իհարկե մարզասերներին: