
Հունաստանի մայրաքաղաք Աթենքում 130 տարի առաջ, 1896թ. ապրիլի վեցին, մեկնարկել է ամառային օլիմպիական ժամանակակից առաջին խաղերը։

Մրցումներին մասնակցել են 14 երկրների 241 միայն տղամարդ մարզիկներ:

Ծրագրում ընդգրկված է եղել ինը մարզաձև. ըմբշամարտ, հեծանվավազք աթլետիկա, լող, սպորտային մարմնամարզություն, հրաձգություն, թենիս, ծանրամարտ, սուսերամարտ:

Խաղարկվել է մեդալների 43 հավաքածու։
Օլիմպիական խաղերի վերածննդի մասին լուրը հուզել է համաշխարհային հանրությանը։ Հատկապես ոգևորել է մրցումների մեկնարկը: Սակայն շուտով ակնհայտ են դարձել դժվարությունները։ Նման բարձր մակարդակի մրցույթի կազմակերպումը պահանջել է ֆինանսական զգալի ծախսեր, իսկ երկիրը գտնվել է տնտեսական և քաղաքական ճգնաժամում։

Վարչապետ Խարիլաոս Տրիկուպիսը խիստ դեմ է արտահայտվել Կուբերտենի գաղափարին։ Նա նման մեծ միջոցառման կազմակերպման ծախսերը համարել է պետության համար անհասանելի, իսկ խաղերը՝ ժամանակավրեպ։
Կուբերտենը ստիպված բազմաթիվ քննարկումներ և հանդիպումներ է անցկացրել քաղաքական գործիչների, պաշտոնյաների, գործարարների և լրագրողների հետ՝ համոզելու նպատակով:

Խաղերի կազմակերպումը տարբերվել է մերօրյա պայմաններից: Չի եղել օլիմպիական գյուղ, կրակի արարողություն, չի հաշվառվել մասնակիցների ազգությունը, մարզիկներին ընտրելու համակարգ և այլն: Որոշ օտարերկրյա մարզիկներ մասնակցել են միայն այն պատճառով, որ այդ ընթացքում գտնվել են Աթենքում։
Բացման արարողությանը ներկա է եղել 80,000 հանդիսական, այդ թվում՝ Գեորգ I թագավորը, նրա կինը՝ Օլգան, երեխաները: Կազմկոմիտեի ղեկավար, թագաժառանգ Կոստանդինի ելույթից հետո Գեորգ I-ը հայտարարել է՝ <<Աթենքի առաջին օլիմպիական խաղերը հայտարարում եմ բացված: Կեցցե՛ Հունաստանը: Կեցցե՛ նրա ժողովուրդը >>:
Այնուհետև 150 հոգուց բաղկացած երգչախումբը կատարել է Սպիրոս Սամարասի գրած օլիմպիական օրհներգը:
Բացման արարողությունը հիմք է դրել օլիմպիական երկու ավանդույթի՝ խաղերի բացման ժամանակ մրցումները հյուրընկալող պետության ղեկավարի ելույթը և օլիմպիական օրհներգի կատարումը:

Խաղերի փակմանը Գեորգ I-ը մրցանակակիրներին հանձնել է նրանց պարգևները. չեմպիոններին՝ արծաթե և բրոնզե մեդալ՝ երկրորդը ճանաչվածներին, իսկ երրորդին ՝ ձիթենու ճյուղեր։

Մեդալների հաշվարկով առաջին տեղն է գրավել ԱՄՆ –ի՝ 20 / 11 + 7 + +2 /, ապա Հունաստանի ՝ 47 / 10 + 18 + +19 / և Գերմանիայի ներկայացուցիչները ՝ 13 / 6 +5 + 2 /:
Ընդհանուր առմամբ մեդալ են նվաճել 11 երկրների պատվիրակներ: