
ՀՀ ծանրամարտի ֆեդերացիան հայտնում է, որ կանանց և տղամարդկանց ընտրանիները բաց մարզում անցկացրեցին ԶԼՄ ներկայացուցիչների համար:
Բաց մարզմանը ներկա էր Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը, ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Սամվել Գասպարյանը:
Թե կանանց և թե տղամարդկանց ընտրանիներն այս օրերին վերջին մարզումներն են անցկացնում Եվրոպայի առաջնությունից առաջ, որը կայանալու է Վրաստանի Բաթումի քաղաքում ապրիլի 19-26-ը:
Հայասանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը մեդիայի հետ զրույցում ասաց. «Ըստ էության, մինչև Եվրոպայի առաջնությունը շատ քիչ ժամանակ է մնացել: Հետևելով մարզումներին ու զեկույցներին` մենք լավ ենք նախապատրաստվել: Շատ կարևոր է, որ բարոյահոգեբանական վիճակը երկու թիմերում էլ, ինչպես նաև երիտասարդների ու պատանիների շրջանում շատ լավ է: Եվ կարծում եմ, որ հոգեբանական առումով դա լրացուցիչ խթան է, լավ արդյունքներ ցույց տալու համար: Իսկ Եվրոպայի առաջնությանը լավ և շատ լավ արդյունքներ ենք ակնկալում մեր մարզիկներից: Հավաքականների առջև խնդիր է դրված առնվազն ցուցադրել այն լավագույն արդյունքները, որը եղել են վերջին տարիներին և ես կարծում եմ, որ մենք կարող ենք նման արդյունք ցույց տալ, հաշվի առնելով թե նախապատրաստական աշխատանքները ինչպես են առաջ գնում, և թե ինչպիսի լավ արդյունքներ են ցույց տալիս մեր մարզիկները մարզումների ժամանակ»:
Կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյան. «Սա մեր վերջին ուսումնամարզական հավաքն է, որը կավարտվի ու ապրիլի 16-ին կմեկնենք Բաթումի: Պատասխանատվությունը շատ մեծ է, որովհետև մասնակցում ենք ամբողջ թիմով, ինչպես որ նախորդ տարի էր: Ուսումնամարզական հավաքներն անցել ենք շատ նորմալ, չկան վնասվածքներ: Ամենակարևորն է, որ մարզիկները մրցաշարին մասնակցեն իրենց հնարավորությունների առավելագույնով: Մենք մեդալների շանսը երբեք բաց չենք թողնի»:
Հայաստանի կանանց հավաքականի անդամ Լիանա Գյուրջյան. «Հույսերս շատ մեծ են, կարծում եմ հնարավոր կլինի լավագույնս մասնակցել ու մեդալ նվաճել: Մենք ամբողջ թիմում միմյանց կողքի ենք լինում, թե դժվար պահերին, թե նվաճումների ժամանակ: Լիահույս եմ, որ բոլորիս կհաջողվի մեդալ նվաճել»:
Տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Փիլոսյան. «Թիմի վիճակը շատ լավ է, վնասվածքներ չունենք: Անցկացրել ենք 5 ուսումնամարզական հավաք: Տղաները պատրաստ են, լավ տրամադրված են: Իհարկե, մեկնելու ենք մեդալների համար»:
Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց թիմի անդամ Ռաֆիկ Հարությունյան. «Մարզավիճակի առումով սա վերջին փուլն է, որն անցնում ենք: Մենք ամբողջությամբ պատրաստ ենք մրցումներին: Մրցաշարի մեկնում ենք մարտական տրամադրությամբ: Ես ինձ ավելի լավ եմ զգում հենց մրցահարթակին: Փորձելու եմ մրցումներին ավելի բարելավել կիլոգրամներս: Թիմում լարվածություն չկա ու մեծամասնությունը փորձառու մարզիկներ են»: