ՎԱՆԱՁՈՐՅԱՆ ՄԵԿՆԱՐԿՈՎ . . .

11:37 - 04 Փետ, 2026

Հայաստանում աթլետիկայի մրցումների մեկնարկը տրվեց  հունվարի 24 –ին: Լոռվա մարզային ֆեդերացիան Վանաձորում անցկացրեց մարզաձևի մեծ երախտավոր Ադիկ Արդարյանի հիշատակը հավերժացնող ավանդական մրցաշարը:

Մեկնարկի առումով  մասնակիցների պատրաստականությունը լավ տպավորություն թողեց: ՀՀ աթլետիկայի հավաքականի գլխավոր մարզիչ Գրիգոր Բարսեղյանը ասաց, որ թեժ պայքար ծավալվեց հատկապես եռացատկորդների միջև: Ուրախացրեց վնասվածքը բուժած կապանցի անվանի Լևոն Աղասյանը: Նա բավականին բարձր ցուցանիշ գրանցեց / 16մ. 44 սմ . /: Նրան հետապնդող գյումրեցի Ռազմիկ Ղազարյանը ետ մնաց 22 սմ. –ով / 16մ. 22 սմ./: Ասածին եթե հավելենք արտաշատցի Գոռ Հովակիմյանին , որը երկրորդը ճանաչվեց / 16մ. 19 սմ. /  Իսպանիայում օրերս անցկացված միջազգայինում, ապա կարող ենք ասել, որ մեզանում մարզվողները  առավել հեշտ են հմտանում ցատկերում:

Վանաձորյան մրցաշարը պարզություն մտցրեց հավաքականի ձևավորման գործում:

Շուտով հինգ տղաներով համալրված թիմը ուսումնամարզական հավաքի կմեկնի Բելգրադ: Փետրվարի 21 –ին հնգյակին կմիանան Հայաստանից ժամանող ևս չորս մարզիկներ, որոնք  հանդես կգան տեղում  նախատեսված Բալկանյան խաղերին: Այդ ստուգատեսում  հայտնի կդառնա այն աթլետը, ով մեր երկիրը կներկայացնի Լեհաստանում մարտի 20 – 22 –ը նշանակված աշխարհի առաջնությունում: Դրանով կավարտվի ձմեռային մրցաշրջանը:

 

Այլ նորություններ