
Իտալիայում 2026թ. կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերի կրակը արդեն վառվել է Հին Օլիմպիայում:
Ներկաների թվում են եղել Հունաստանի նախագահ Կոնստանտինոս Տասուլասը, միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) նախագահ Քիրսթի Քովենթրին, ՄՕԿ պատվավոր նախագահ Թոմաս Բախը և այլ պաշտոնատար անձինք:
Ինչպես արդեն հայտնի է, անբարենպաստ եղանակի պատճառով, արարողությունը Հին Օլիմպիայի մարզադաշտից տեղափոխվել էր հնագիտական թանգարան։ Ջահը վառելու համար օգտագործվել է պահեստային կրակ, որը բռնկվել էր արևի լույսով՝ նոյեմբերի 24-ին, Հերայի տաճարի մոտ:
Հայտնի հույն դերասանուհի Մերի Մինան մարմնավորել է գերագույն քրմուհուն և կրակը հանձնել է առաջին ջահակրին՝ 2024թ. Փարիզի օլիմպիական խաղերի թիավարությունից բրոնզե մեդալակիր Պետրոս Գայդացիսին։
Հնագիտական թանգարանում ներկաներին դիմավորել է զինվորական պահակախումբը, ապա հույն հայտնի օպերային երգչուհի Քրիստինա Պուլիցին կատարել է օլիմպիական օրհներգը, բարձրացվել է ՄՕԿ – ի դրոշը:
Ողջույնի խոսքով հանդես է եկել նաև ՄՕԿ նախագահ Քրիսթի Քովենթրին:
Արարողությունը նշանավորել է Հունաստանով ձգվող 450 ջահակիրների իննօրյա փոխանցավազքի մեկնարկը, որը կավարտվի Աթենքում: Ապա << Պանատինաիկոս >> մարզադաշտում դեկտեմբերի 4-ին ջահը կհանձնվի Միլանի և Կորտինա դ'Ամպեցցոյի կազմկոմիտեին։