ՆԱԽԱՎԵՐՋԻՆ ՕՐԸ ՝ ԵՐԵՔ ՄԵԴԱԼԱԿԻՐ

11:07 - 04 Նոյ, 2025

Ալբանիայի Դուրես քաղաքում, Եվրոպայի ծանրամարտի երիտասարդական  առաջնությունում, երեկ փայլուն մրցելույթներ ունեցան Հայաստանի դուստրերը: Ասպարեզ ելած մեր երեք մարզուհիները կանգնեցին պատվո հարթակին:

Ոսկե մեդալակիր և ռեկորդակիր դարձավ գյումրեցի Էմմա Պողոսյանը / 86 կգ /: նա երկամարտում ցույց տվեց  241 կգ/ 105 կգ + 136 կգ / և անհասանելի դարձավ մրցակիցների համար: Թիմի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանի անձնական աշակերտի հրումում ցույց տված արդյունքը հին աշխարհամասի նոր ռեկորդ է:

Գյումրեցի մեկ այլ մարզուհի՝ Աննա Ամրոյանը / 77 կգ/  երկամարտի 228 կգ / 98 կգ + 130 կգ / ցուցանիշով դարձավ բրոնզե մեդալակիր: Նրա անձնական մարզիչն է Քրիստինե Պողոսյանը:

ՀՀ մարզուհիներից չեմպիոնի պատվին  արժանացավ նաև Արտաշատի Գետազատ գյուղի բնակիչ Լիանա Գյուրջյանը / 86 կգ /: Նա մարզվում է Երևանում`  անցյալի նշանավոր ծանրորդ Աշոտ Դանիելյանի ղեկավարությամբ: Լիանան առաջինն էր երկամարտում՝ 232 կգ , պոկումում՝ 102 կգ և հրումում ՝ 130 կգ, այսինքն նա իր հետ տուն կբերի երեք ոսկե մեդալ:

Այսօր կհնչի առաջնության վերջին ակորդը: Մեր երկրից ծանրահարթակ կելնի մեր պատվիրակության վերջին հնգյակը՝ Մնացական Աբրահամյանը / 94 կգ /, Մերի Թումասյանը / գերծանր  քաշ/ Գարիկ Կարապետյանը, Պետրոս Պետրոսյանը / երկուսն էլ ՝ 110 կգ / և  Աշոտ Մովսիսյանը / գերծանր քաշ /:

Այլ նորություններ