ՌԱԶՄԻԿԸ ԵԶՐԱՓԱԿԻՉՈՒՄ Է

10:57 - 21 Հոկ, 2025

Հեղինակությունների մասնակցությամբ է անցկացվում Սերբիայի Նովի Սադ քաղաքում երեկ մեկնարկած հունահռոմեական ըմբշամարտի մինչև 23 տարեկանների միջև անցկացվող աշխարհի առաջնությունը:

Հայտավորված մարզիկների թվում են օլիմպիական խաղերի երկու չեմպիոններ, աշխարհի և աշխարհամասերի բազմաթիվ հաղթողներ և մրցանակակիրներ:

Երեկ մրցագորգ ելած մեր քառյակից վստահ մրցելույթներ ունեցավ շիրակցի  գերծանրքաշային Ռազմիկ Քուրդյանը: Վաստակավոր մարզիչ Արամ Գասպարյանի սանը   հաղթանակ տարավ բելառուսցի Իլյա Շումչիկի / 4 : 3 /, Չեխիան ներկայացնող Արթուր Սարգսյանի / 3 : 2 /, ռուսաստանցի Ալեքսանդր Մելիխովի / 5 : 1/  նկատմամբ և մտավ եզրափակիչ: Ոսկե մեդալի համար Ռազմիկը այսօր կմրցի իրանցի Ֆարդին Հեդայաթիի հետ:

Ավաղ, ձախողվեցին նրա թիմակիցներ  Դավիթ Ջոթյանը / 63 կգ /, Սամվել Տերտերյանը / 77 կգ / և Ռուբեն Գևորգյանը  / 87 կգ /:  

Մեր ըմբիշներից այսօր մեկնարկի կելնեն Արայիկ Թոփալյանը  / 55 կգ /, Ռուբեն Միրանյանը  / 67 կգ /, Գասպար Տերտերյանը  / 72 կգ / և Արշակ  Գեղամյանը  / 97 կգ /։

Արժե նշել, որ հունահռոմեականներից հետո մրցագորգերը կտրամադրվեն կանանց, ապա՝ ազատ ոճայիններին:

Առաջնությանը հայտավորված են ավելի քան 700 ըմբիշներ:

 

Այլ նորություններ