
Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի / IWF/ պատվիրակությունը օրերս աշխատանքային այցով գտնվել է Լոս Անջելեսում: Հյուրերը հանդիպել են 2028թ. ամառային օլիմպիական խաղերի կազմկոմիտեի անդամների հետ և քննարկել նախապատրաստական հարցերը:
IWF-ի ներկայացուցիչները այցելել են միջոցառման համար առաջարկվող վայրում ՝ «Փիքոք» թատրոնում /Peacock Theater/:

Ընդհանրապես այդ կառույցը հյուրընկալում է Լոս Անջելեսի ամենահեղինակավոր մշակութային միջոցառումները, այդ թվում՝ «Էմմի» հայտնի մրցանակաբաշխությունը։ Թատրոնը գտնվում է քաղաքի կենտրոնում: Կազմակերպիչները համոզված են, որ օլիմպիական խաղերին մասնակցող 120 ծանրորդները գոհ կմնան ընտրված մրցավայրից:
Մարզական ծրագրի հետ կապված հաջորդ քայլերը կլինեն տղամարդկանց և կանանց համար վեցական քաշային կարգերի սահմանումը և որակավորման համակարգի ստեղծումը՝ ՄՕԿ-ի հետ սերտ համագործակցությամբ։