
Սիրելի հայրենակիցներ
Հայաստանի ապագան այսօրվա մեր երեխաների, պատանիների ձեռքերում է։ Նրանց առողջությունը, բարեկեցությունն է մեր երկրի իրական հիմքը։ Նրանց աճի համար առողջ միջավայրի ապահովումը մեր՝ ավագ սերնդի մարզիկներիս պարտականությունն է։ Առողջ սերունդը մեր վերածննդի, հզորացման ամենակարևոր երաշխիքն է։
- Մենք պարտավոր ենք ստեղծել հնարավորություններ և միջավայր, որտեղ բոլոր երեխաներն ու պատանիները՝ անկախ սոցիալական նախադրյալներից, կկարողանան ընտրել սիրելի մարզաձևեր և հաճախել կանոնավոր պարապմունքների։
- Մեզ խորապես մտահոգում են թմրամոլության տարածման ծավալները։ Մենք պետք է ստեղծենք մթնոլորտ, որտեղ թմրամոլությունը տարածվելու հնարավորություն պարզապես չի ունենա։ Պետք է ամենօրյա անզիջում աշխատանքով պայքարենք պատանիների և երիտասարդության շրջանում այս արատավոր երևույթի տարածման դեմ։
- Վատ սովորությունները, որոնք վնասում են ֆիզիկական և հոգեկան առողջությանը, պիտի հաղթահարվեն՝ առողջ միջավայրը և բազմազան մարզաձևերի ընտրությունը բոլորի համար մատչելի դարձնելու միջոցով։
- Մենք պետք է ստեղծենք միջավայր, որտեղ երեխայի առողջ ապրելակերպի խրախուսումը և ապահովումը չեն մնա միայն ծնողի ուսերին։
- Ծնողական համայնքի և գործող մարզաշխարհի համագործակցությունն անհրաժեշտ է ոչ միայն մեր երկրի վաղվա չեմպիոններին կերտելու համար, այլև լայն առումով մեր ապագան կառուցելու, քանի որ առողջ սերունդն է մեր երկրի ապագան։
- Կարևորագույն խնդիր է ուսանողական սպորտի զարգացումը։ Այն ոչ միայն առողջ ուսանողական միջավայրի խնդիր է, այլև ուղղակիորեն առնչվում է առողջ հայրեր և մայրեր ունենալու խնդրին։ Այստեղ պահանջվում է հսկայածավալ աշխատանք։
- Մենք չափազանց կարևորում ենք հայրենիքի պաշտպանության ժամանակ վիրավորում ստացած մեր ընկերների, եղբայրների՝ մարզվելու և սպորտով զբաղվելու հնարավորությունների ստեղծման գաղափարը։ Մենք ողջունում ենք արվող քայլերը՝ ֆիզիկական խնդիրներ ունեցող մեր հայրենակիցների համար մարզումների և ակտիվ կյանքի հնարավորություններ ապահովելու ուղղությամբ։
- Օլիմպիզմի սկզբունքների տարածումը և կիրառումը մենք պետք է դարձնենք ամենօրյա պրակտիկա՝ ներմուծելով դրանք առօրյա կյանք։ Արդար մրցակցության, ազնվության, մարդու ներդաշնակ զարգացման, արժանապատվության և հավասար պայմանների սկզբունքներն են իրական խաղաղ և առողջ հասարակության հիմքը։
Մենք՝ մարզաշխարհի ներկայացուցիչներս, առանցքային խնդիր ենք համարում առողջ սերնդի ձևավորումը։ Սա մեր ազգի և պետության զարգացման, վերածննդի գրավականն է։ Մենք պատրաստ ենք ամենօրյա աշխատանքով, մեր փորձով, գիտելիքներով, հեղինակությամբ նպաստելու այս գործին։ Հայաստանի Ազգային Օլիմպիական Կոմիտեի, Ոչ օլիմպիական մարզաձևերի միության, ծնողական և ուսուցչական համայնքների, պետական և մասնավոր կառույցների համատեղ ջանքերով մենք, վստահաբար, կարող ենք հասնել առավելագույն արդյունքի։ Մենք՝ մարզաշխարհի ներկայացուցիչներս, միշտ բարձր ենք պահել մեր երկրի ու ժողովրդի պատիվը, և այս գործում ևս պատրաստ ենք ներդնելու մեր ամբողջ ներուժը։