
Այսօր երեկոյան հայտնի կդառնան Խորվաթիայի Զագրեբ քաղաքում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում խաղարկվող չորս քաշային կարգերի մեդալակիրները:
Հայաստանի ներկայացուցիչներից եզրափակիչ է մտել Եվրոպայի և աշխարհի բազմակի չեմպիոն, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Մալխաս Ամոյանը / 77 կգ /: Ոսկե դափնեկրի կոչման համար նրա դեմ կպայքարի օլիմպիական խաղերի և Ասիայի չեմպիոն , ճապոնացի Նաո Կուսական:Նրանք միմյանց հետ հանդիպել են երկու անգամ: 2022թ. աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնությունում երևանցին հաղթել է 9 : 5 հաշվով, իսկ Փարիզի օլիմպիականում առավելության է հասել / 3 : 1 / Տոկիոյի պատվիրակը:
Վաղեմի մրցակիցների երրորդ գոտեմարտի ելքը հայտնի կդառնա ժամեր հետո:
Մալխաս Ամոյանը եզրափակիչի ճանապարհին հաջորդաբար հաղթել է փորձառու ըմբիշներ, ամերիկացի Քամալ Բեյին / 2 : 1/, լեհ Մաթեուս Բերնատեկին / 10 : 0 /, թուրք Ահմեդ Իլմազին / 3:1 / և իրանցի Ալիրեզա Աբդեվալիին / 5:1 / : Նրա թիմակիցներ Մանվել Խաչատրյանը / 55 կգ /, Սամվել Գրիգորյանը / 82 կգ / և Ռազմիկ Քուրդյանը / 130 կգ / նախնական փուլերում ձախողվեցին:
Այսօր պայքարը կսկսեն Հրաչյա Պողոսյանը / 60 կգ /, Գոռ Խաչատրյանը / 72 կգ / և Արթուր Ալեքսանյանը / 97 կգ /: