ԱՐՍԵՆԻ ՉՈՐՐՈՐԴ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԸ

11:37 - 16 Սեպ, 2025

Խորվաթիայի Զագրեբում ավարտվեց ազատ ըմբշամարտի աշխարհի առաջնությունը:Հայաստանի հինգ պատվիրակներից մեդալակիր դարձավ միայն 25 –ամյա Արսեն Հարությունյանը / 57 կգ /: Մրցաշարի ավարտական փուլում, բրոնզե պարգևի համար պայքարում, մասիսցի մարզիկը հանդիպեց մեքսիկացի Բրավո Յանգին, հաղթեց 7 : 4 հաշվով ու մեր ներկայացուցիչներից միակը՝ դարձավ մրցանակակիր: Ի դեպ, ինչպես Փարիզի օլիմպիական խաղերում, Զագրեբում նույնպես, գոտեմարտի առաջին փուլում Արսենը առջևում էր 5 : 0 հաշվով: Երկրորդ կեսում Արսենը դարձյալ մի պահ կորցրեց մարտունակությունը և մրցակցին հաջողվեց նվազեցնել միավորների տարբերությունը / 6 : 4 /: Լավ է, որ նա  կարողացավ հարստացնել իր վաստակը և հաղթանակ տանել 7 : 4 հաշվով:

Հաջողության առթիվ շնորհավորում ենք Արսեն Հարությունյանին: Նա, հիրավի, շնորհալի վարպետ է: Այս մասին վկայում են նրա հաջողությունները. Եվրոպայի քառակի չեմպիոն և աշխարհի այժմ արդեն դարձյալ քառակի բրոնզե մեդալակիր:

Մեր ըմբիշը արժանի էր աշխարհի չեմպիոնի պատվին, մանավանդ, որ զագրեբյան առաջնությունում նշանավոր վարպետների հաղթեց: Նշենք ուկրաինացի Վլադիսլավ Աբրամովին,որին << նուկաուտի >>  ենթարկեց երկու րոպեում՝ 10 : 0,  1 / 8 –ում ՝ մոնղոլ Մունխ Բատխույակին ՝ 13 : 8, 1 / 4 –ում ՝ Փարիզի օլիմպիական խաղերի փոխչեմպիոն և Պանամերիկյան խաղերի ոսկե դափնեկիր, ամերիկացի  Սփենսե Ռիչարդ Լիին՝ 14 : 3: Այդքանից հետո, ավաղ, կիսաեզրափակիչում պարտվեց կորեացի Չոնգ Սոնգհանին՝ 1 : 4:

Միայն պետք է ափսոսել, որ հեղինակություններին խոշոր հաշիվներով հաղթելուց հետո հայորդին  ձախողվում է . . .  

Մեր մտահոգությունը անտեղի չէ: Հիշենք դարձյալ Փարիզի խաղերը, երբ ՀՀ հավաքականի  մյուս առաջատարը ՝ Վազգեն Թևանյանը, մրցակցին առաջին կեսում հաղթեց 5 : 1 հաշվով, իսկ  ընդմիջումից հետո հոգնեց և պարտվեց: Արատաշացի մարզիկի մոտ  սցենարը կրկնվեց նաև Զագրեբում: Չենք կասկածում, որ ասածը և դրա հետ կապված մանրամասները շատ ավելի լավ գիտեն իրենք ՝ ըմբիշները և մարզիչները, որոնք, անշուշտ, կգտնեն հաջողության հասնելու բանաձևը:

Թիմի տղաներից Արման Անդրեասյանը / 70 կգ / գրավեց 5 –րդ, Մանվել Խնձրցյանը / 61 կգ / ՝ 11 րդ, Վազգեն Թևանյանը / 65 կգ / ՝ 20 – 30 –րդ և Հրայր Ալիխանյանը / 74 կգ / ՝ 30 րդ տեղը:

 

 

Այլ նորություններ