
Հայաստանում լավ ավանդույթներ է ունեցել հանդբոլ / ձեռքի գնդակ / մարզաձևը: Երևանում, Քաջարանում, Վանաձորում, Գյումրիում, Գավառում, Ալավերդիում գործող խմբերում այժմ մարզվում են տարբեր տարիքի շուրջ 700 տղաներ և աղջիկներ: Ձևավորված 49 թիմեր են մասնակցում Հայաստանի առաջնություններին:
Մասսայականացմանը կարող են նպաստել նաև երկրի մյուս քաղաքներում բնակվող մասնագետները: Նվիրյալներ կան Աբովյանում, Ստեփանավանում և էլի մի քանի բնակավայրերում, սակայն համապատասխան հաստիքներ չլինելու պատճառով նրանք այլ բնագավառներում են աշխատում:
Առաջիկա սեպտեմբերի 18 –ին Ավստրիայում նախատեսված է անցկացնել Եվրոպայի հանդբոլի ֆեդերացիայի վեհաժողովը, որտեղ տեղի կունենա նաև նախագահի ընտրություն: Մասնակիցների թվում կլինի նաև ՀՀ ֆեդերացիայի նախագահ Արսեն Խաչատրյանը: Նա մեզ հետ զրույցում ասաց, որ արդեն նշած կազմակերպությանը ներկայացրել են << Մաստեր պլան >> անվանումով եռամյա ծրագիր: Այն արդեն հավանության է արժանացել: Միջոցառման շրջանակներում մեր ծրագիրը հավանաբար կհաստատվի: Նման պարագայում մեզանում հանդբոլը առաջընթաց ապրելու իրական պայմաններ կունենա. հայ մասնագետները կմասնակցեն միջազգային խորհրդակցությունների, տեսագործնական սեմինարների: Հայաստանի առանձին մարզիկներ և թիմեր կընդգրկվեն ուսումնամարզական միջազգային համատեղ մարզումներում և մրցումներում: Եվրոպականի հովանու ներքո կհարստանա ՀՀ –ում անցկացվող մրցումների քանակը և այլն:
Անդրադառնալով մրցումների թեմային ասենք, որ ընթացիկ մրցաշրջանում արդեն անցկացվել է ՀՀ պատանեկան առաջնության առաջին փուլը: Տարիքային համապատասխան խմբերի եզրափակիչները տեղի կունենան Վանաձորի <<Հայաստան>> և Երևանի <<Արաքս>> մարզապալատներում: Վճռական փուլի համար երկու մրցավայր ընտրելու գործը պատահական չէ: Գնահատվել է մարզաձևը բնակավայրերում տարածելու, զարգացնելու գործոնը: Նշած տարիքային խմբերի և ՀՀ կանանց ու տղամարդկանց առաջնությունները նախատեսված է անցկացնել ընթացիկ տարվա չորրորդ եռամսյակում:
Լավատես լինենք և հավատանք մեր հանդբոլի վերելքին: