<<ՀԱՅԿԱԿԱՆ ՕՐ ՄԱԴՐԻԴՈՒՄ>>

11:07 - 01 Օգո, 2025

Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդին  հրաժեշտ տվեցին Եվրոպայի ծանրամարտի պատանեկան առաջնության մասնակիցները:

Երեկ մրցումների վերջին օրն էր, որը  կարելի է համարել հայկական: Նկատի ունենք այն, որ ծանրահարթակ ելած 94 կգ և + 94 կգ քաշայինների պայքարում անվիճելի հաղթանակ տարան Հայաստանի պատանի հսկաները:

Առաջինը չեմպիոնի պատվին արժանացավ գյումրեցի Գրիգոր Ղազարյանը / 94 կգ /: Նա պոկեց 148 կգ, հրեց 180 կգ, երկամարտի 338 կգ արդյունքով գրավեց առաջին տեղը, պարգևատրվեց ոսկե մեդալով և միաժամանակ սահմանեց Եվրոպայի երեք ռեկորդ:

Չեմպիոնի անձնական մարզիչն է Արմեն Մկրտչյանը:

Առաջնությունը <<հայտարարեց>>, որ հին աշխարհամասի ամենուժեղ պատանին վեդեցի  Հարություն Հովհաննիսյանն է / + 94 կգ /: Նա նույնպես Եվրոպական նոր ռեկորդ սահմանելով ավարտեց առաջին վարժությունը ՝ 160 կգ: Այնուհետև հրեց 186 կգ ու երկամարտի 346 կգ արդյունքով ուժեղագույնը ճանաչվեց գերծանրքաշայինների պայքարում: 

Հարություն Հովհաննիսյանի անձնական մարզիչներն են հայր և որդի՝ Պողոս և Մհեր Պողոսյանները:

Հայաստանի պատանեկանը երկամարտի արդյունքով  իր հաշվեկշռում ունեցավ  երկու ոսկե և մեկ բրոնզե մեդալ: Առանձին վարժություններում  մրցանակակիր դարձան  Դավիթ Առաքելյանը, Կարապետ Կարապետյանը, Ալեն Զուրաբյանը:

Միավորների հաշվարկով, 34 երկրների պայքարում, մեր թիմը գրավեց առաջին տեղը / 562 միավոր /:

Աղջիկների  մրցաշարում բրոնզե մեդալակիր դարձավ  63 կգ քաշային Նատալյա Սարգսյանը:

Շնորհավորում ենք մեր ծանրորդներին, նրանց անձնական և հավաքականների մարզիչներին, ֆեդերացիայի աշխատակազմին և ակնկալում նոր հաջողություններ:  

 

 

Այլ նորություններ