ՋԱՆԵՍԸ ՎՐԵԺԽՆԴԻՐ ԵՂԱՎ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ

11:37 - 30 Հուլ, 2025

Աթենքում անցկացվող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի մինչև 17 տարեկանների առաջնությունում գերազանց քննություն բռնեց  Հայաստանի հավաքականի անդամ,  65 կգ քաշային Ջանես Նազարյանը: Նա հաջողությամբ հաղթահարեց նախնական փուլերի արգելքները և մտավ եզրափակիչ:  

Ոսկե մեդալի համար պայքարում նրա մրցակիցն էր վրացի Էրեկլե Տավբերիձեն, որը Եվրոպայի առաջնության եզրափակիչում այս տարի բացահայտ առավելությամբ էր հաղթել հայ մարզիկին:  

Վրացին նույն սցենարը կրկնելու վճռականությամբ այս անգամ էլ ելավ մրցագորգ: Բայց առաջին իսկ վայրկյաններից զգաց, որ անցածը մոռացության է մատնել Ջանեսը և նա չեմպիոն դառնալու նպատակով է ելել պայքարի:

Մասնագետները զրույցի ժամանակ ասացին, որ հայորդին կամային որակների առումով  նախանձելի հատկանիշ դրսևորեց: Նա անընդմեջ գրոհում էր Վրաստանի թիմի առաջատարի նկատմամբ:

Ջանես Նազարյանը տեխնիկական ու տակտիկական հարուստ զինանոցի շնորհիվ առավելության հասավ / 5 : 4 / արդեն անպարտելիի անուն հանած մրցակցի նկատմամբ, հաղթեց, պարգևատրվեց ոսկե մեդալով, կանգնեց պատվո պատվանդանի չեմպիոնական աստիճանին, որի շնորհիվ հնչեց հայոց օրհներգը և վեր խոյացավ մեր եռագույնը:

Նորընծա չեմպիոնը վաղ հասակից է ոտք դրել Էջմիածնի տարածաշրջանի Աթարբեկյան գյուղի ըմբշամարտի դահլիճ և մարզիչ Գոռ Աբգարյանի ղեկավարությամբ  հաջողությամբ սերտել է մարզաձևի այբուբենը:

Ջանեսը դեռևս 16 տարեկան է և այդ փաստը հուշում է, որ հաջորդ տարի ևս կմասնակցի աշխարհի պատանեկան առաջնությանը:

ՀԱՕԿ –ի աշխատակազմը մարզասերների անունից շնորհավորում է բնածին օժտված մեր ըմբիշին և նրանից ակնկալում նոր հաղթանակներ:

Հավելենք, որ  այսօր Մարատ Աճեմյանը (51 կգ) և  Զավեն Մեջլումյանը  (60 կգ) բրոնզե մեդալի համար կանցկացնեն սփոփիչ գոտեմարտեր:

 

 

 

Այլ նորություններ