Հայաստանի աթլետիկայի հավաքականի գլխավոր մարզիչ Գրիգոր Բարսեղյանը 19 մարզիկ – մարզուհու / 10 տղամարդ և 9 կին / հայտ է ներկայացրել Եվրոպայի թիմային առաջնությանը մասնակցելու համար:
Ստուգատեսը տեղի կունենա Սլովենիայի Մարիբոր քաղաքում ՝ հունիսի 24 – 25 –ը: Աշխարհագրության առումով բավականին ընդգրկուն է թիմի կազմը, որը համալրել են Երևանի, Գյումրիի, Վանաձորի, Արտաշատի և Կապանի ներկայացուցիչները:
Պատվիրակության ղեկավար, մարզաձևի ՀՀ ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանի գլխավորությամբ աթլետները մրցավայր կմեկնեն հունիսի 22 – ին: Մեր հավաքականն ընդգրկված է երրորդ դիվիզիոնում: Հին աշխարհամասի 15 երկրների մարզիկների հետ մերոնք հանդես կգան նետորդների, վազորդների և ցատկորդների պայքարում:
Ուզում ենք հավատալ, որ Հայաստանի ներկայացուցիչները ուժերի անմնացորդ նվիրումով կմասնակցեն և անմասն չեն մնա խաղարկվելիք պարգևներից: