- Մասնակիցներին լիովին գոհացրեց Երևանում անցկացված Եվրոպայի կարատեի առաջնության ընթացքը: Այդ գործում նշանակալի էր կազմակերպիչների հրաշալի աշխատանքը, - տանտերերի կատարած աշխատանքից այդկերպ իր գոհունակությունը հայտնեց մարզաձևի միջազգային ֆեդերացիայի նախագահ Անտոնիո Էսպինոզան: - Հին աշխարհամասի 54 երկրներից 49 - ը հավաքական էր գործուղել Երևան: Եվ նրանք հեռացան, ասելով, որ նորից կգան այստեղ ու կմասնակցեն 2027թ. կայանալիք Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնությանը: Հիրավի, հյուրընկալ երկիր է Հայաստանը, նրա մայրաքաղաքը և ժողովուրդը: Շնորհակալություն:
ՄՀՀ – ում մրցումների ընթացքին հետևած մարզասերները նույնպես գոհ մնացին, մանավանդ որ առաջին անգամ մեր երկիրը մեդալակիրներ ունեցավ նման խոշոր, պաշտոնական ստուգատեսում:
Իրենց հաշվին չորսական հաղթանակ ու մեկական պարտություն գրանցեցին երևանցիներ Յուրա Զալյանը / 60 կգ / և Գոռ Ներսիսյանը / 84 կգ /, որոնք բրոնզե մեդալ նվաճեցին ու տեղ գտան պատվո պատվանդանի երրորդ աստիճանին: