ՀԱԳԵՑԱԾ ՄՐՑԱՇՐՋԱՆ

15:17 - 17 Հուն, 2025

Հայաստանի աթլետները, ավանդույթի համաձայն, այս մրցաշրջանը նույնպես կսկսեն Լոռվա ֆեդերացիայի բաց առաջնությունով, որը տեղի կունենա Վանաձորում ՝  հունվարի 25 –ին: Դրան հաջորդող ամիսներին աթլետները կմարզվեն և կմրցեն խտացված գրաֆիկով: Նշենք փետրվարի 15 –ին Բելգրադում մեկնարկելիք Բալկանյան երկրների ձմեռային բաց առաջնությունը, Հոլանդիայում մարտի 6 – 9 –ը կայանալիք Եվրոպայի ձմեռային ստուգատեսը: Դրանից երկու շաբաթ հետո, ստույգ՝ մարտի 21 – 23 –ը  Չինաստանի Նանջինգում նախատեսված է փակ մարզադահլիճներում կայանալիք աշխարհի առաջնությունը, որը չեղարկվել էր 2021թ.՝ կովիդ համավարակի պատճառով:

Մարզաձևի միջազգային օրացուցային պլանում առաջին անգամ ամրագրված է խճուղային վազքի Եվրոպայի առաջնությունը: Մասնակցող վազորդները ապրիլի 12 –ից իրենց դիմացկունությունն ու տակտիկական հմտությունները կդրսևորեն  Բրյուսելում կայանալիք ստուգատեսի   10 կմ, 21 կմ / կիսամարաթոն / և մարաթոնյան վազքում:

Հայաստանի մասնագետների, մարզիկների և մարզասերների համար  հետաքրքրություն կներկայացնի Արտաշատում մայիսին նշանակված մեր երկրի առաջնությունը: Լավագույն արդյունք ցույց տվող աթլետներով կազմվելու է հավաքական, որը  <<  ճոխ  >>  կազմով կներկայանա Սլովենիայի Մարիբուր քաղաքում հունիսի 24 –ին սկսվող  Եվրոպայի թիմային առաջնությանը:

Այս ամենի մասին մեզ հետ զրույցում ասաց ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ, գիտությունների թեկնածու, դոցենտ, գյումրեցի  Գրիգոր Բարսեղյանը: Տեղեկացանք, որ անընդմեջ են ուսումնամարզական հավաքներն ու մրցումները: Այնուամենայնիվ, առանձնահատուկ է տարվա գլխավոր ստուգատեսը ՝ աշխարհի առաջնությունը, որը տեղի կունենա սեպտեմբերի 13 – 21 –ը ՝ Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում:

Այլ նորություններ