ԵՐԵՔ ՏԱՐԻ ՀԵՏՈ ՝ ԵՐԵՎԱՆՈՒՄ

11:17 - 01 Ապր, 2024

Թաիլանդի Պուկետ քաղաքում մեկնարկել է ծանրամարտի աշխարհի գավաթի խաղարկությունը:

Մինչ այդ,  տեղի է ունեցել  մարզաձևի միջազգային ֆեդերացիայի համաժողովը: Քննարկվել են բազմաթիվ հարցեր: Գործկոմը որոշել է 2027թ. – 2028 թթ. աշխարհի առաջնությունների մրցավայրերը: Քվեարկությամբ 2027թ. կայանալիք առաջնության մայրաքաղաք է ընտրվել  Երևանը, իսկ հաջորդ ՝ 2028թ. ստուգատեսը  կանցկացվի Վենեսուելայի Կարակասում:

Նշվել է, որ Հայաստանի մայրաքաղաքը հաջողությամբ է անցկացրել 2023թ.  Եվրոպայի առաջնությունը, իսկ Վենեսուելայի մայրաքաղաքում՝ վերջերս տեղի  է ունեցել Պանամերիկյան առաջնությունը: Ի  լրումն նշած երկու մրցաշարերի, 2026թ. աշխարհի պատանեկան առաջնությունը կանցկացվի Արգենտինայի Բունեոս Այրեսում:

-  Այս ընտրությունները լրացուցիչ կայունություն  կհաղորդեն միջոցառումների  օրացույցին և մեզ ավելի շատ ժամանակ է ընձեռվում նախապատրաստվելու և հաջողությամբ կազմակերպելու  մրցումները, - ընդգծել է IWF-ի նախագահ Մուհամեդ Ջալուդը:

Կոնգրեսում հաստատվել է  նաև IWF-ի տեխնիկական կոմիտեի ցանկը, տղամարդկանց և կանանց քաշային կարգերը նվազեցնելու  հարցը, կազմակերպության  2023թ.  աուդիտի ենթարկված IWF-ի տարբեր կոմիտեներից՝ տեխնիկական, բժշկական, մարզչական և հետազոտական, ինչպես նաև մարզիկների ֆինանսական  հաշվետվությունները, հաստատվել են 2024թ.  օլիմպիական խաղերի նախապատրաստական աշխատանքների, IWF փախստականների թիմի, կայուն զարգացման նախագծի վերաբերյալ նորացված զեկույցները և այլն:

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Անտոնիո Ուրսոն  ակնհայտորեն ուրախ է եղել  այն բանի համար, որ  կոնգրեսը հաստատել է  IWF-ի պատմության առաջին օրհներգը, որը այսուհետ կհնչի կազմակերպության պաշտոնական միջոցառումների ժամանակ:

Համաժողովի աշխատանքներին մասնակցում էին նաև ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍՆ գլխավոր մասնագետ, միջազգային կարգի մրցավար Արայիկ Ալավերդյանը և մարզաձևի համապետական ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը:

 

 

Այլ նորություններ