ԳԵՐԱԶԱՆՑ ՄԵԿՆԱՐԿ ԵՎ ԱՎԱՐՏ

12:27 - 21 Փետ, 2024

Հայաստանի զանգվածային լրատվամիջոցները այս օրերին մեկնաբանում էին Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում երեկ ավարտված Եվրոպայի ծանրամարտի առաջնության ընթացքը:  

Մեկնարկում, և դրան հաջորդած ելույթներում, մեր պատվիրակների գրանցած հաջողությունների շնորհիվ  բարձրանում էր հայ մարզասերների  տրամադրությունը: Իսկ  վերջին օրը կայացած գերծանքաշայինների պայքարը մեծ  հրճվանք և  հպարտություն հաղորդեց մեզ:

Փաստորեն Եվրոպայի ամենաուժեղ մարդը հայ է: Նա   գյումրեցի Վարազդատ Լալայանն է:

Ավելին, հին աշխարհամասի երկրորդ ամենուժեղը դարձյալ հայ  է՝  հայկաշենցի / Էջմիածին / Սիմոն Մարտիրոսյանը:

Այդ հրաշալի երկյակը երեկ աշխարհին հիշեցրեց մեծն Սևակին.

 << Մենք քիչ ենք,  սակայն մեզ հայ են ասում։

Մենք մեզ ոչ մեկից չենք գերադասում‚

Բայց մեզ էլ գիտենք -

Մեզ հա՜յ են ասում։

Եվ ինչո՞ւ պիտի չհպարտանանք...

Կա՛նք: Պիտի լինե՛նք: Ու դեռ - շատանա՜նք . . . >>:

25 –ամյա Վարազդատ Լալայանը պոկեց 205 կգ, հրեց 250 կգ և երկամարտի 455 կգ –ով հռչակվեց Եվրոպայի չեմպիոն: Նրան անձնական քաշով զիջող Սիմոն Մարտիրոսյանը ճանաչվեց փոխչեմպիոն՝ 437 կգ / 190 կգ+ 247 կգ /:

Հայաստանի ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ, մարզաձևի երախտավոր  Փաշիկ Ալավերդյանի, նրա օգնական, մոտ անցյալի նշանավոր ծանրորդ Հակոբ Փիլոսյանի, կանանց հավաքականի ղեկավար Արտաշես Ներսիսյանի,  օգնական Տարոն Թովմասյանի, թիմի բժիշկ Դավիթ Մոսինյանի,  բոլոր  մրցանակակիների անձնական մարզիչների և, իհարկե,  մարզաձևի հանրապետական ֆեդերացիայի ու համապատասխան  պետական ու հասարակական կառույցների աշխատակազմերի  նպատակային աշխատանքի շնորհիվ մեր հավաքականի անդամները շահեցին 26 , իսկ  երկամարտում՝  տարբեր ձուլվածքի 10 մեդալ / չորս ոսկե, երկուական արծաթե ու բրոնզե / և թիմային պայքարում վստահորեն գրավեցին առաջին տեղը: Մրցանակային հաջորդ երկու տեղերը զբաղեցրին  Բուլղարիայի / 7 մեդալ / և Իտալիայի / 4 մեդալ / ընտրանիները: 

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն շնորհավորում է հավաքականի արժանապատիվ համակազմին և հերկուլեսներից մեդալներ ակնկալում Փարիզի օլիմպիական մարզահանդեսում:

 

 

Այլ նորություններ