ՅՈԹԵՐՈՐԴ ԱՆԳԱՄ

12:07 - 15 Փետ, 2024

Անկեղծ ասած, կզարմանայինք, եթե հունահռոմեական ըմբշամարտի մեծանուն վարպետ Արթուր Ալեքսանյանը հաղթանակած չվերադառնար Բուխարեստում անցկացված Եվրոպայի առաջնությունից: Գյումրեցի վաստակավոր մարզիչ Գևորգ Ալեքսանյանի սան – որդին  է  իր հաջողություններով այդպես մտածելու առիթ տվել: Եվ Արթուրն ահա յոթերորդ անգամ նվաճեց Եվրոպայի ուժեղագույնի կոչումը:

Անվանի ըմբիշի վարպետության մասին խոսելը կարծում ենք ավելորդ կլինի: Թերևս արժե նշել , որ 97 կգ քաշայինների  եզրափակիչում մեր պատվիրակը հաղթեց չեզոք դրոշի ներքո հանդես եկած ռուսաստանցի Մագոմեդ Մուրթազալիևին / 6 : 3 /:

Ի դեպ, պատվո պատվանդանի չեմպիոնական աստիճանին կանգնած հին աշխարհամասի արդեն յոթակի չեմպիոն Արթուրին պարգևատրողների թվում էր ՀՀ ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, Եվրոպայի նախկին փոխչեմպիոն  Արայիկ Բաղդատյանը:

Վաստակավոր մարզիչ Արմեն Բաբալարյանի գլխավորած հավաքականը թիմային պայքարում գրավեց պատվավոր երրորդ տեղը: Հիշեցնենք, որ մեր ընտրանու հաշվին  նախօրյակին մրցանակներ էին գրանցել մրցաշարի արդեն եռակի  չեմպիոն Մալխաս Ամոյանը /  77 կգ / և << բրոնզակիր >>   Մանվել Խաչատրյանը / 55 կգ  /:

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն շնորհավորում է  մեդալակիրներին, հավաքականի և մարզիկների անձնական մարզիչներին և հավատում է, որ հրաշալի այդ համակազմը սպասելիքները կարդարացնի նաև Փարիզի համաշխարհային գլխավոր մարզահանդեսում:

 

Այլ նորություններ