ԱՌԱՋԻՆԸ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ԵՎ ԱՇԽԱՐՀՈՒՄ

12:07 - 18 Սեպ, 2023

IWF-ի նախագահ Մուհամմեդ Ջալուդը  աշխարհի առաջնության նախօրյակին ասել էր, որ մինչ մեկնարկը  արդեն մի քանի ռեկորդ է  սահմանվել:   Նախ՝ մասնակից  երկրների թիվը 117 է, մարզիկներինը ՝  719  և վերջապես՝ մրցաշարի տևողությունը 14 օր է: Բացի այդ, Ռիադի ծանրահարթակում ,   բազմաթիվ օլիմպիական և աշխարհի չեմպիոնների պայքարում, մրցակցությունը, անշուշտ,  կոշտ է լինելու: Ադպես էլ եղավ: Թերևս կարելի է հավելել, որ ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի ղեկավարը նախապապես չէր գուշակել, որ Հայաստանի տղամարդկանց հավաքականը միավորների հաշվարկով առաջինն է լինելու: Այս հարցում որոշակի դեր խաղաց նաև մրցումների եզրափակիչ օրը: Իսկապես, առաջնությանը յուրատեսակ շուք հաղորդեց գերծանրքաշայինների մրցավեճը, որին տոն տվեցին հատկապես  հայ ծանրորդները: Նրանք լիովին արդարացրին սպասելիքները: Իսկ չեմպիոնի հարցը կարելի է ասել նախապես որոշված էր: Վրացի հրաշալի մարդ և աթլետ Լաշա Տալախաձեն  արդեն յոթ տարի անընդմեջ մրցակցությունից դուրս է: Նա իր հետ Վրաստան տարավ  խաղարկված բոլոր երեք ոսկե մեդալները: Լաշան պոկեց 220 կգ, հրեց 253 կգ և երկամարտի 473 կգ արդյունքով  կրկին անգերազանցելի մնաց մրցակիցների համար:

Չեմպիոնից ընդամենը 13 կգ –ով ետ մնաց և փոխչեմպիոնի պատվին արժանացավ , անձնական քաշով  ավելի քան 30կգ –ով թեթև, գյումրեցի Վարազադատ Լալայանը: Նրա արդյունքն է 460 կգ / 212կգ + 248 կգ /:

Մեկ այլ գյումրեցի ՝ Բահրեյնի դրոշի ներքո հանդես եկած  մեր նշանավոր Գոռ Մինասյանը կանգնեց պատվանդանի երրորդ աստիճանին ՝ 459 կգ / 213 կգ + 246 կգ /:

Մարզասերի համակրանքին արժանացավ  Լաշային  անձնական քաշով 50 կգ –ից պակաս կշռող Սիմոն Մարտիրոսյանը: Մեր վարպետը հրումում  վրացուն զիջեց ընդամենը  երեք կիլոգրամով և վարժությունում արժանացավ արծաթե մեդալի: Նա պոկեց 200 կգ և երկամարտի 450 կգ-ով / 200կգ + 250 կգ / գրավեց հինգերորդ տեղը: Ի դեպ, պոկումում Վարազդատը նվաճեց բրոնզե, իսկ Գոռը արծաթե մեդալ:

Փաստորեն, վաստակավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանի գլխավորած տղամարդկանց  հավաքականը  մրցաշրջանում միավորների քանակով առաջինն է և Եվրոպայում , և աշխարհում:

Հավելենք, որ մրցաշարում մեր թիմը տասի փոխարեն հանդես եկավ ինը հոգով: Բացի այդ, օլիմպիական վարկանիշային հինգ տեղ ապահովեց Փարիզի խաղերի համար: Հիշենք նաև, որ յուրաքանչյուր երկիր մրցակարգով օլիմպիական մարզահանդեսի տղամարդկանց մրցաշարում  կարող է գործուղել միայն երեք ծանրորդ:

 

 

 

 

 

 

Այլ նորություններ