ՉԻՆԱՑԻՆԵՐԸ ՈՒԶՈՒՄ ԵՆ ԶԱՐՄԱՑՆԵԼ

10:57 - 04 Փետ, 2022

Այսօր, փետրվարի 4 –ին,  Չինաստանի մայրաքաղաք Պեկինում տեղի կունենա ձմեռային 24 –րդ օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը: Ինչպես 2008 –ի ամառայինում էր, այդ իրադարձությունը կկայանա  Ազգային մարզադաշտում, որը հաճախ անվանում են << Թռչնաբույն >>:

Ավանդույթի համաձայն, կազմակերպիչները միջոցառման  սցենարի մանրամասները խիստ գաղտնի են պահել: Հատկապես չինացիները հատուկ ուշադրություն են դարձրել այս  հանգամանքին:  Սակայն կասկած չկա, որ նրանք շուտով   իրենց շոուով կզարմացնեն աշխարհին:

Անգամ նախորդ շաբաթ տեղի ունեցած  փորձը չի բացահայտել գաղտնիքները.  հանդիսատեսը պետք է ուղիղ եթերում տեսնի ու հիանա։ 

Հայտնի է, որ արարողության ռեժիսորը, ինչպես և 14 տարի առաջ՝ Պեկինի ամառային խաղեում,  չինացի հանրահայտ դերասան, ռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ Չժան Իմոուն է։ Նա երեք անգամ առաջադրվել է Օսկարի մրցանակի։ 

Իմոուի ֆիլմերից երկուսը  արժանացել են  լավագույն օպերատորական աշխատանքի համար Օսկարի բաղձալի արձանիկին:

Շոուն հայտնի պատճառներով / համավարակ /  կլինի ոչ մասշտաբային, բայց՝  դիտարժան: Վառ հանդիսությունը կուղեկցվի  երգերով, երաժշտությամբ, պարով, Չինաստանի պատմության, ավանդույթների, մշակույթի և ազգային կոլորիտի ինքնատիպ ներկայացմամբ։

Սկզբում նախատեսված էր  ներգրավել 10 հազարից ավելի դերասան, սակայն նրանց թիվը կրճատվել է և կլինի  ընդամենը երեք հազար։ 

Մարդկանց քիչ քանակը կփոխհատուցվի  հատուկ էֆեկտներով։ Կազմակերպիչները խոստացել են ոչ սովորական ձևով  վառել օլիմպիական ջահը: Նրանց համոզմամբ դա կլինի ամենաօրիգինալ ճանապարհը՝ վերջին 100 տարվա ընթացքում։

Կազմկոմիտեն չի հրաժարվել պատվիրակությունների  ավանդական շքերթից. Ինչպես Տոկիոյում, Պեկինում նույնպես, յուրաքանչյուր երկրից կլինեն  երկու դրոշակակիր / կին և տղամարդ / ՝ գենդերային հավասարությունը պահպանելու համար։ Հայաստանի թիմում այդ պատվավոր առաքելությունը ՀԱՕԿ –ը ընձեռել է գեղասահորդուհի Թինա Կարապետյանին և դահուկավազորդ Միքայել Միքայելյանին:

Օլիմպիական առաջին մրցումները սկսվել են խաղերի պաշտոնական բացումից երկու օր առաջ՝ փետրվարի 2-ին:

Ընդհանուր առմամբ, տարվա գլխավոր մարզահանդեսին կմասնակցեն աշխարհի 95 երկրների  ավելի քան 4 հազար մարզիկ- մարզուհիներ: 15 մարզաձևերում  կխաղարկվի մեդալների 109  հավաքածու:

Պեկինը պատմության մեջ առաջին քաղաքն է , որն ընդունել է ինչպես ամառային, այնպես էլ ձմեռային օլիմպիական խաղեր։ 

Նկարներում. -  ՀՀ  օլիմպիական պատվիրակության դրոշակակիրներ, գեղասահորդուհի Թինա Կարապետյանը և դահուկավազորդ Միքայել Միքայելյանը: 

Լուսանկարները ՝ Ասատուր Եսայանցի:

Այլ նորություններ