ԴԱՐՈՎ ՄԵԾԱՆԱՍ, ՀԱՆՃԱՐԵՂ ՎԱՐՊԵՏ

12:37 - 11 Փետ, 2021

Բոլորեց հայ  հանճարեղ մարմնամարզիկ Ալբերտ  Վաղարշակի Ազարյանի ծննդյան 92 –ամյակը : Ծնվել է 1929 թ. փետրվարի 11 –ին :

Ալբերտ Ազարյանը բնածին օժտվածությամբ մարզիկ էր : Թեև  բավականին ուշ սկսեց պարապել մարմնամարզությամբ , բայց չափազանց կարճ ժամանակում անվանի դարձավ Հայաստանում, ԽՍՀՄ  -  ում և աշխարհում :

ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Սեմյոն Ղարագյոզյանի ղեկավարությամբ  Ալբերտ Ազարյանը  ավելի քան 15 տարի  մնաց  անպարտելի :

Նա  հայաստանցի միակ մարդն է , ով  11 անգամ  հռչակվել է ԽՍՀՄ չեմպիոն  / օղակներ ,  զուգափայտ ,  պտտաձող  մրցաձևերում  / : Եվրոպայի կրկնակի  և  աշխարհի քառակի  ոսկե դափնեկիր է: Աշխարհի  միակ հայ  մարզիկն է , ով  կրում է օլիմպիական խաղերի եռակի չեմպիոնի պատվավոր կոչումը :

Ազարյանական  լեգենդը ճյուղավորվել , տարածվել է աշխարհով մեկ : Քրիստոնյա  հայ ժողովուրդը երբեք  չի մոռանա  իր եռակի խաչակրին, քանզի նա առաջինն է    կատարել  ԱԶԱՐՅԱՆԱԿԱՆ  ԽԱՉԸ   և այն գրանցել  մարմնամարզության միջազգային  անվանակոչության տարեգրության  չեմպիոնական պատմագրքում :

Նրա ստեղծած ընտանիքը  երևի  աշխարհում միակն է , որն ունի միևնույն ` սպորտային մարմնամարզություն մարզաձևում օլիմպիական խաղերի երկու չեմպիոն,  գումարած նաև  չեմպիոնական ընտանիքի մայրը  :  Նկատի ունենք  մոսկովյան օլիմպիական խաղերի ոսկե դափնեկիր որդուն ` Էդվարդ Ազարյանին և տիկնոջը` Ելիզավետա Ազարյանինով  նույնպես սպորտային մարմնամարզությունից   ԽՍՀՄ սպորտի վարպետ  է   և  Հայաստանի հանրապետության վաստակավոր մարզիչ :

Ալբերտ  Ազարյանն արժանացել է  ԽՍՀՄ ,  ՀԽՍՀ   և անկախ Հայաստանի բարձրագույն պարգևներին  ու  կոչումներին  : Այդ ամենով հանդերձ,  նա   երբևիցե  չի տառապել աստղային հիվանդությամբ  ու մնացել է նույն  համեստ , հասարակ հայ մարդը :

Հենց  այս հատկանիշներով  է  մշտապես վեր բարձրացել նա, ում  համար  կարևորը իր հիմնադրած մարզադպրոցում օրնիբուն  լինելն է , փոքրիկներին մարմնակրթության դասեր տալը , առնական տղամարդ  ու հայ   քաջարի զինվոր   դարձնելը :

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը և ամբողջ  աշխատակազմը շնորհավորում, քաջառողջություն, երկարակեցություն և երջանկություն է մաղթում  Հայաստանի 20 –րդ  դարի  լավագույն  մարզիկին:

Դարով մեծանաք, հանճարեղ լեգենդ Ալբերտ Ազարյան :

 

Այլ նորություններ