ՀԱՕԿ-ը և «Յուքոմ» ընկերությունը համաձայնության հուշագիր ստորագրեցին

12:39 - 02 Փետ, 2016

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն սկսում է համագործակցությունը  «Յուքոմ» ընկերության հետ:

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը և «Յուքոմ» (Ucom) ընկերության տնօրեն Հայկ Եսայանը համաձայնության հուշագիր ստորագրեցին, համաձայն որի «Յուքոմ» ընկերությունը Ռիոյի Օլիմպիական խաղերի ընթացքում կաջակցի Հայաստանի օլիմպիական պատվիրակությանը:

«Յուքոմ» ընկերության տնօրեն Հայկ Եսայանն իր խոսքում նշեց, որ ընկերությունը մշտապես աջակցություն է ցուցաբերում մշակույթի, գիտության և արդեն սպորտի ոլորտին:

«Մեր ընկերության համար նոր փուլ է մեկնարկում: Ինչպես գիտեք, մենք մշտապես աջակցում ենք մշակույթի, գիտության ոլորտին, իսկ այժմ արդեն սպորտին: Սա շարունակական բնույթ կրող ակցիա է: 2016 թվականի ամբողջ ընթացքում աջակից են լինելու մեր մարզիկներին, ինչպես Ռիոյի խաղերին, այնպես էլ Հայաստանից դուրս կայանալիք միջոցառումներին: Կարծում եմ, այս ջանքերի արդյունքը կլինի այն, որ վերջապես Հայաստանը կունենա օլիմպիական ոսկե մեդալ և բարձր արդյունքներ: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ՀԱՕԿ-ին, որ մշտապես կանգնած է հայկական սպորտի կողքին: Սա համախմբված աշխատանքի արդյունք է»,- ասաց Եսայանը:

ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանն իր հերթին շեշտեց, որ այս համագործակցությունը շատ կարևոր ենթատեքստ ունի:

«Այս համագործակցությունը շատ կարևոր ենթատեքստ ունի: Շատ կարևոր է այն փաստը, որ հայկական ընկերությունները կանգնում են սպորտի կողքին և աջակից են լինում: Ես բազմիցս նշել եմ, որ մեզ պես փոքր պետությունների համար կարևոր է սպորտի, գիտության և մշակույթի վրա մեծապես ուշադրություն դարձնելը, քանի որ միայն դրանց շնորհիվ է Հայաստանը ճանաչելի դառնում աշխարհին: Այս աջակցությունը կարևոր է ոչ միայն ՀԱՕԿ-ի համար, այլև դրական կանդրադառնա Հայաստանում` օլիմպիական շարժման վրա: Շնորհակալություն եմ հայտնում «Յուքոմ» ընկերությանը և ՀԱՕԿ անձնակազմին, որի ջանքերի շնորհիվ այս համագործակցությունը իրականություն դարձավ»,- ասաց Ռոստոմյանը:

Լուսանկարներն` այստեղ

ՀԱՕԿ լրատվության բաժին

 

 

 

Այլ նորություններ