ՍՈՒՍԵՐԸ ԿՀԱՆԵՆ ՊԱՏՅԱՆԻՑ

11:39 - 12 Օգո, 2020

Հայաստանի հյուսիսի ավերիչ երկրաշարժից հետո մարզական  Գյումրիում չդադարեց  չեմպիոնների աճը։ Իսկ ահա համապատասխան մարզակառույցների ավերումից հետո  մարզական հավաքներ անցկացնելը երկրի երկրորդ քաղաքում դարձավ երազանք։ Եվ ահա, տասնամյակների դադարից հետո,  իրար հաջորդող թիմեր ու հավաքականներ, որպես լավագույն մարզավայր, վերջին շրջանում շտապում են մեկնել Գյումրի, հանգրվանել նորաբաց մարզամշակութային կենտրոն ու այնտեղ բարելավել մարզավիճակը։

Տարբեր մարզաձևերի հավաքականների  մարզիչները հիացմունքով են խոսում անցյալի նշանավոր սամբիստ Հրաչ Խաչատրյանի և նրա ղեկավարած հյուրընկալ կոլեկտիվի անթերի  աշխատանքի, մարզումային հրաշալի պայմանների և կատարյալ մաքրության մասին։ Ասածը հեռախոսազրույցի ժամանակ հաստատեցին  Հայաստանի սուսերամարտի հավաքականի մարզիչները։

Տարիքային տարբեր խմբերի սուսերակիրները երկու շաբաթ  են լինելու այնտեղ։ Այնուհետև ճկասուսեր և խոցասուսեր զենքաձևերի թիմերը պարապմունքները կշարունակեն Երևանում ՝ Նորագավթի մասնագիտացված  օլիմպիական հերթափոխի մարզադպրոցում։

Ամեն բանից անկախ, ի սկզբանե, սուսերամարտում մարզումների, հավաքների և մրցումների ժամանակ պահպանվում են  աշխարհում այսօր պահանջվող առողջապահական բոլոր կանոնները. մարզաձևում կրում են դիմակ, հագնում ձեռնոցներ և պահպանում ֆիզիկական հեռավորություն։

Սուսերամարտիկները հույս ունեն, որ առաջիկայում դարձյալ մրցումներ կանցկացվեն և նրանք հմտություններ կդրսևորեն մարտուղյակներում։

 

Այլ նորություններ