ՀԱՂԹԱՆԱԿ ՄԻՋՄԱՅՐՑԱՄԱՔԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ

11:07 - 27 Հուլ, 2020

Սուսերամարտի եվրոպական կոնֆեդերացիան կազմակերպեց և հաջողությամբ անցկացրեց   խոցասուսեր զենքաձևի << Միջամայրցամաքային գավաթ >>  հեռավար մրցաշար։ Տարբեր աշխարհամասերի 30 երկրների մինչև 20 տարեկան  << հրացանակիրներ >> հուլիսի 18 – 25 –ը պայքարեցին հաղթողի կոչման համար։

128 մասնակիցների թվում էին Նորագավիթի օլիմպիական հերթափոխի մասնագիտացված մարզադպրոցի դեռևս 16 –ը չբոլորած երկու սաներ ՝ Հովհաննես Մուրադյանն ու  Ալիկ Նավասարդյանը։ Մարզիչ Արմեն Նավասարդյանի աշակերտները գերազանցեցին սպասելիքները։ Հովհաննես Մուրադյանը գրավեց պատվավոր երրորդ տեղը, իսկ Ալիկը ճանաչվեց  չափազանց լարված պայքարի հաղթող։ Եզրափակիչում, երևանցին, ձայների քվեարկության   53 ։ 47 տոկոսային  հարաբերությամբ հաղթեց   հարավաֆրիկյան հանրապետության ներկայացուցիչ Մանուել Մարտինեսին։ Դա անվանի մասնագետ, վաստակավոր մարզիչ Ալիկ Նավասարդյանի թոռան   տոնած յոթերորդ անընդմեջ հաջողությունն էր ստուգատեսում։

Կրտսեր  Ալիկ Նավասարդյանը կստանա հաղթողի համար սահմանված մասնագիտական ժամանակակից գույք և հանդերձանք։

Այլ նորություններ