Մ-20 և Մ-23 ԵԱ. Հայ ծանրորդների չեմպիոնական մեկնաբանությունները

13:45 - 29 Հոկ, 2019

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում հոկտեմբերի 17-27-ը տեղի ունեցած ծանրամարտի Մ-20 և Մ-23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում ոսկե մեդալ նվաճած հայ ծանրորդները հայրենիք վերադառնալուց հետո պատմել են տպավորությունների մասին:

Սիմոն Մարտիրոսյան. «Անկեղծ ասած, աշխարհի առաջնությունից հետո չէի հասցրել մարզավիճակ հավաքել, մտածում էի, որ ավելի վատ հանդես կգամ, բայց, փառք Աստծո, ամեն ինչ լավ ընթացավ, և վերադարձա 3 ոսկե մեդալով:
Դժվար չեմ տրամադրվում, քանի որ սա իմ գործն է, մենք մեր գործի վարպետներն ենք, իրավունք չունենք սխալվելու և չտրամադրվելու։ Օլիմպիական տարում սպասում եմ լավ արդյունքեր, կարևորը՝ առանց վնասվածքի։ Տրամադրվել եմ նվաճել օլիմպիական ոսկե մեդալ»,- լրագրողների հետ զրույցում նշեց Ռիո-2016 Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, մեծահասակների աշխարհի ու Եվրոպայի գործող չեմպիոն Մարտիրոսյանը:

Սամվել Գասպարյան. «Վնասվածքից հետո վերականգնվել էի, աշխարհի առաջնությունից հետո աշխատել էի մարզավիճակս չկորցնել։ Մարզիչներիս հետ համատեղ որոշեցինք, որ այս առաջնությունում հանդես կգամ 109 կգ քաշային կարգում, որպեսզի խուսափեմ վնասվածքներից, բացի այդ, այնտեղ պայքարն ավելի մեծ էր։ Հաղթեցի իսպանացի փորձառու մարզիկին, որը 3 տարի շարունակ հաղթել էր այդ քաշային կարգում։ Ցույց տված արդյունքս գոհացուցիչ էր»,- ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասաց գյումրեցի ծանրորդը:

Հակոբ Մկրտչյան. «Գոհ եմ արդյունքիցս՝ չնայած կարող էի ավելին բարձրացնել: Մրցակցությունը շատ հզոր էր՝ չնայած նրան, որ Ռևազ Դավիթաձեն վնասվածք ուներ, բայց մինչև վերջին վայրկյանը պայքարեց, դուրս եկավ մրցահարթակ և կատարեց բոլոր մոտեցումները»,- լրագրողների հետ զրույցում ասաց մեծահասակների աշխարհի ու Եվրոպայի գործող չեմպիոն Մկրտչյանը:

Կարեն Ավագյան. «Ակնկալիքներս մասմաբ են արդարեցել, քանի որ չեմպիոնության սպասում էի, իմ նպատակը 170 կգ բարձրացնելն ու աշխարհի ռեկորդ սահմանելն էր, բայց հրում վարժությունը ձախողված եմ համարում, քանի որ կարող էի ավելին բարձրացնել։ Մրցակցությունը թեժ էր։ Մեծ հպարտություն էր, որ Եվրոպայում հետևում էին, թե ինչպես են հայերը 7 չեմպիոն ունենում, բոլորը զարմացած էին, թե ինչպես է դա հնարավոր»,- լրագրողների հետ զրույցում ասաց Կարեն Ավագյանը:

Լիանա Գյուրջյան. «Առաջին մեդալս էր երիտասարդների առաջնությունում։ Պատրաստվել էի մարզիչներիս աջակցությամբ, լավ մարզավիճակում էի, կաշխատեմ բարելավել արդյունքներս»,- ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում նշեց մարզուհին:
Հիշեցնենք, որ Բուխարեստում Հայաստանի թիմը ելույթն ավարտել էր երկամարտի 11 մեդալով (7 ոսկե, 2 արծաթե, 2 բրոնզե) ու առաջին տեղը գրավել թիմային հաշվարկում:

Մինչև 20 տարեկանների պայքարում Լիանա Գյուրջյանը (81 կգ), Կարեն Ավագյանը (89 կգ), Արփինե Դալալյանը (+87 կգ) և Վարազդատ Լալայանը (+109 կգ) նվաճել էին չեմպիոնի կոչումը, Արա Աղանյանը (89 կգ) դարձել էր փոխչեմպիոն, իսկ Ռաֆիկ Հարությունյանն (81 կգ) արժանացել էր բրոնզե մեդալի։

Մոնթե Մխիթարյանը (55 կգ) պոկում վարժությունում նվաճել էր փոքր ոսկե մեդալ, իսկ երկամարտում գրավել 5-րդ տեղը: Երկամարտում 4-րդ տեղը գրաված Կարեն Մարգարյանը (81 կգ) և Յաշա Մինասյանը (102 կգ) նվաճել էին փոքր բրոնզե մեդալներ: Մարգարյանը երրորդ տեղն էր գրավել պոկում վարժությունում, իսկ Մինասյանը՝ հրումում:

Մինչև 23 տարեկանների առաջնությունում Եվրոպայի չեմպիոն էին դարձել Հակոբ Մկրտչյանը (89 կգ), Սամվել Գասպարյանը (102 կգ) և Սիմոն Մարտիրոսյանը (+109 կգ): Տաթև Հակոբյանը (87 կգ) նվաճել էր արծաթե մեդալ, իսկ Դավիթ Հովհաննիսյանն (89 կգ) արժանացել էր բրոնզե մեդալի:

Հայաստանի թիմի կազմում մրցավայր էին մեկնել 21 ծանրորդներ:

Լուսանկարներն՝ այստեղ 

Այլ նորություններ