Փաշիկ Ալավերդյան. Ռաֆիկ Հարությունյանը գերազանց մասնակցեց

22:38 - 10 Ապր, 2019

Ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ամփոփեց Ռաֆիկ Հարությունյանի ելույթը Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնության 81 կգ քաշային կարգում:

18-ամյա ծանրորդը երկամարտի 344 կգ (150+194) արդյունքով գրավել էր 8-րդ տեղը եւ նորամուտը նշել մեծահասակների պայքարում: Հրում վարժությունում Հարությունյանը 194 կգ արդյունքով չորրորդն էր եւ սահմանեց Եվրոպայի երիտասարդական (Մ-20) ռեկորդ:

«Ռաֆիկ Հարությունյանը գերազանց մասնակցեց: Այսպիսի խոշոր մրցաշարում սա նորություն էր նրա համար: 40-45 օրից նա հանդես կգա աշխարհի երիտասարդական առաջնությունում, եւ հուսով ենք, որ կվերադառնա մեդալներով»,- նշեց Փաշիկ Ալավերդյանը:

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչն անդրադարձավ նաեւ Եվրոպայի 2016թ. չեմպիոն, 2015թ. աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների բրոնզե մեդալակիր Անդրանիկ Կարապետյանին, որը եւս պետք է հանդես գար 81 կգ քաշային կարգում, սակայն չկարողացավ քաշ գցել եւ զրկվեց մրցմանը մասնակցելու իրավունքից:

«Անդրանիկ Կարապետյանի առաջին կշեռքից հետո տեսանք, որ քաշն ավելի է, եւ նա ուղեւորվեց շոգեբաղնիք՝ քաշ գցելու: Երկրորդ կշեռքի ժամանակ Իսրայելը ներկայացնող մրցավարն ասաց «Ok», ինչից հետո Անդրանիկը կարծեց, թե ամեն բան նորմալ է եւ ջուր խմեց. դա ավելացրեց նրա քաշը: Երբ ես սկսեցի գրել պոկում եւ հրում վարժությունների հայտերը, այդ մրցավարն ասաց, որ կա քաշի հետ կապված խնդիր, բայց Անդրանիկն արդեն 500 գրամ ջուր էր խմել: Դրանից հետո արդեն շոգեբաղինքն էլ չօգնեց մեզ, եւ նրա քաշը 200 գ ավելի էր»,- ասաց Փաշիկ Ալավերդյանը:

Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից պայքարն ավարտել են նաեւ Իզաբելլա Յայլյանը (59 կգ) եւ Արմեն Գրիգորյանը (73 կգ): Պոկում վարժությունում Յայլյանը նվաճել էր փոքր արծաթե մեդալ եւ 5-րդ տեղը գրավել երկամարտում, իսկ Արմեն Գրիգորյանը զբաղեցրել էր 9-րդ տեղը:

Հայաստանի հավաքականի կազմում Բաթումի են մեկնել նաեւ Լիաննա Գյուրջյանը (81 կգ), Տաթեւ Հակոբյանը (87 կգ), Արփինե Դալալյանը (+87 կգ), Հակոբ Մկրտչյանը եւ Դավիթ Հովհաննիսյանը (89 կգ), Արսեն Մարտիրոսյանը եւ Սամվել Գասպարյանը (102 կգ), աշխարհի չեմպիոն, օլիմպիական փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ), օլիմպիական փոխչեմպիոն Գոռ Մինասյանն ու Ռուբեն Ալեքսանյանը (+109 կգ):

Այլ նորություններ