Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան հայտ է ներկայացրել մասնակցելու 2016 թվականի ամռանը կայանալիք Եվրոպայի տարբեր տարիքային 3 առաջնության: ՀԲՖ-ի գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանն այս կապացությամբ հարցազրույց է տվել ՀԱՕԿ-ի լրատվական բաժնին:
- Պարոն Նազարյան, տղամարդկանց Հայաստանի ազգային հավաքականն առաջին անգամ պատրաստվում է մասնակցել Եվրոպայի փոքր երկրների առաջնությանը: Վաղու՞ց էր որոշված, որ 2016 թվականին հավաքականը պետք է հանդես գա միջազգային ասպարեզում:
- Ինչպես հայտնի է, 2015 թվականի հուլիսին Հայաստանի մինչեւ 20 տարեկանների հավաքականը ելույթ ունեցավ Եվրոպայի B դիվիզիոնի առաջնությունում եւ անցկացրած 7 խաղերից 3-ում հաղթեց մրցակիցներին, թեեւ առաջին անգամ էր մասնակցում նման ստուգատեսի: Այդ ելույթը փաստեց, որ մեր երիտասարդականը լավ ներուժ ունի եւ խաղացողները կարող են նաեւ հաջող հանդես գալ ազգային թիմում: Առավել եւս, որ երիտասարդական հավաքականի մի շարք խաղացողներ գալիք տարի լինելու են 21 տարեկան եւ իրավունք են ունենալու այսուհետ հանդես գալ միայն ազգային թիմում: ՀԲՖ-ի նախագահական խորհրդի վերջին նիստում, ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը նշեց, որ հասունացել է պահը, երբ մեծահասակների հավաքականը պետք է ուրախացնի մեր մարզասերներին: Նախագահության կազմը միաձայն որոշում կայացրեց մասնակցել Եվրոպայի առաջնությանը:
- Առայժմ հայտնի չէ, թե ում գլխավորությամբ է հավաքականը մեկնելու մրցավայր: Այս հարցում ե՞րբ կլինի հստակություն:
- Գլխավոր մարզչի վերաբերյալ քննարկումները ֆեդերացիայում դեռ շարունակվում են: Կան մի քանի թեկնածուներ, որոնց շուրջ մտածում ենք: Նշեմ, որ ՖԻԲԱ-ն զգալիորեն խստացրել է մարզիչների արտոնագրման հարցը, ուստի հավաքականը պետք է գլխավորի համապատասխան արտոնգիր ունեցող մասնագետ: Ամեն դեպքում, ով էլ լինի մարզիչը, նրա առջեւ խնդիր է դրվելու հաղթել Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում: Համոզված եմ, որ մենք այդ ներուժը ունենք:
- Անդրադառնանք Հայաստանի մինչեւ 20 եւ 16 տարեկանների հավաքականներին: Ի՞նչ ակնկալիքներով են նրանք գալիք տարի մասնակցելու Եվրոպայի առաջնություններին:
- Մինչեւ 20 տարեկանների հավաքականը երկրորդ տարին անընդմեջ ելույթ կունենա Եվրոպայում: Այս տարվա կազմի խաղացողների մոտ 35 տոկոսը 19 տարեկան էր, ուստի մյուս տարի նրանք եւս կարող են հանդես գալ երիտասարդականում, եթե լինեն լավ մարզավիճակում: Բացի այդ, մենք ունենք մի շարք թեկնածուներ, որոնք կարող են իրենց խոսքն ասել Եվրոպայի առաջնությունում: ՀԲՖ-ի փոխնախագահներից Արա Պողոսյանն այս օրերին ակտիվորեն աշխատում է թեկնածուների վերջնական ցանկը ստանալու ուղղությամբ: Այստեղ եւս դեռ գլխավոր մարզչի հարցում հստակություն չկա, բայց քննարկումներ ընթանում են եւ հույս ունենք, որ մինչեւ տարեվերջ կհայտարարենք, թե ովքեր են գլխավորելու հավաքականները: Ինչ վերաբերվում է 16 տարեկաններին, ապա այս տարիքային հավաքականի կորիզը կազմում են Երեւանի «Գրանդ Սպորտի» խաղացողները: «Գրանդ Սպորտը» 2-րդ տարին անընդմեջ մասնակցում է պատանեկան Եվրալիգային եւ միջազգային խաղերի բավական մեծ փորձ է կուտակել, ինչը շատ ուրախալի է: 16 տարեկանների մարզչի անունը կհայտարարենք մոտ օրերս:
- Եվրոպայի առաջնությունները կայանալու են գալիք տարվա ամռանը: Ե՞րբ են սկսվելու նախապատրաստական աշխատանքները:
- Յուրաքանչյուր հավաքական ունի նախապատրաստական փուլի իր ծրագիրը: Ուսումնամարզական հավաքները կսկսվեն 2016 թվականի մայիսից, իսկ Եվրոպայի առաջնությունները տեղի են ունենալու հուլիսին եւ օգոստոսին: Ուսումնարզական հավաքներ անցկացնելու մի քանի տարբերակներ ունենք, որոնք վերջնական տեսքի կգան գլխավոր մարզիչների նշանակումներից հետո:
ՀԱՕԿ լրատվության բաժին