Բասկետբոլ. Առաջիկա խաղերին հավաքականի մի քանի խաղացողների մասնակցությունը հարցականի տակ է

16:43 - 16 Նոյ, 2017

Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը սկսում է պատրաստվել Եվրոպայի առաջնության ընտրական փուլի Ալբանիայի եւ Դանիայի հետ կայանալիք խաղերին: Թիմն ամբողջական կազմով հավաքականի ճամբարում կլինի երկուշաբթի: Կան բասկետբոլիստներ, որոնք հանգստյան օրերին ակումբային խաղեր ունեն:

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում նշեց, որ կազմի հետ կապված լուրջ խնդիրներ կան.

«Մոտ տասը խաղացողներ տարբեր պատճառներով չեն կարողանում միանալ մեզ: Մասնավորապես ԱՄՆ-ում հանդես եկող բասկետբոլիստները, ինչը մեզ համար մեծ կորուստ է: Հարցականի տակ է Եվրոպայում խաղացող մի քանի բասկետբոլիստների՝ Քրիս Յանկու Օսկիյանի, Ռայան Բոաթրայթի, Մարսել Հովսեփյանի մասնակցությունը: Նրանց հարցը վերջնական պարզ կլինի երկուշաբթի:

Մեզ չի կարող օգնել նաեւ իրանահայ Վարդան Բիդրոսյանը: Վերջինս փաստաթղթերի հետ կապված խնդիրներ ունի: Նույն պատճառով հնարավոր է թիմին չկարողանա միանալ Արագատ Աբրահամյանը:

Թիմի գլխավոր մարզիչ Նիկշա Բավցեւիչը հրավիրել է նաեւ Հայաստանի Ա լիգայի առաջնությունում հանդես եկող բասկետբոլիստների: Ա լիգայի շնորհիվ հավաքականի մի շարք թեկնածուներ ստանում են խաղային պրակտիկա: Օրինակ՝ Գեորգի Պոդկոլզինը, Էդգար Բաբայանը, Նիկիտա Զախարովը, Արարատ Քոչինյանը, Դավիթ Խաչատրյանը եւ ուրիշներ»,- ասաց Արթուր Նազարյանը:

Օլիմպավանում երկօրյա մարզումներից հետո մեր ընտրանին կմեկնի Ալբանիա: Արթուր Նազարյանի խոսքով ալբանացիները հեշտ մրցակից չեն:

«Ամռանն Ալբանիայի հետ երկու ընկերական հանդիպում ենք անցկացրել եւ երկուսում էլ հաղթել ենք: Բայց, այդ ժամանակ մենք հանդես ենք եկել մարտական կազմով: Դանիան ավելի ուժեղ մրցակից է: Վերջին տարիներին նրանք լավ արդյունքներ են գրանցել»,- ասաց Արթուր Նազարյանը:

Հայաստանի հավաքականն Ալբանիային կհյուրընկալվի նոյեմբերի 23-ին, եւ երեք օր անց սեփական հարկի տակ կընդունի Դանիային:

Այլ նորություններ