Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը խոշոր հաշվով հաղթեց Բելառուսին

21:00 - 09 Նոյ, 2017

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Երեւանում կայացած ընկերական խաղում 4։1 հաշվով հաղթեց Բելառուսի ընտրանուն։ Հայ ֆուտբոլիստներն ընդհատեցին ԱԱ-2018-ի ընտրական փուլի անհաջողությունների շարքը։

Առաջին խաղակեսում մեր հավաքականը բավական ակտիվ էր, չնայած հյուրերը նույնպես մի քանի իրական շանսեր ունեին։ Խաղի հաշիվը 41-րդ րոպեին բացեց Արաս Օզբիլիսը։ Հենրիխ Մխիթարյանին չհաջողվեց դիպուկ իրացնել 11 մետրանոց հարվածը։ Մեր թիմի ավագը երկրորդ փորձով էլ չկարողացավ գրավել մրցակցի դարպասը, սակայն Օզբիլիսը հաջող եզրափակեց դրվագը։

Ընդմիջումից առաջ Հենրիխ Մխիթարյանը հիանալի գոլով կրկնապատկեց հաշիվը։

Երկրորդ խաղակեսի սկզբնամասում Ռումյան Հովսեփյանը երրորդ գնդակն ուղարկեց մրցակցի դարպասը։ Սակայն Բելառուսի թիմի պատասխանը շատ չուշացավ։ 56-րդ րոպեին Անտոն Սարոկան գրավեց Արսեն Բեգլարյանի պաշտպանած դարպասը՝ 3։1։

Հանդիպման վերջակետը դրեց Էրիկ Վարդանյանը։ Նա գեղեցիկ գոլով նշեց իր նորամուտը Հայաստանի հավաքականի կազմում։

Մեր ընտրանին նոյեմբերի 13-ին եւս մեկ ընկերական հանդիպում կանցկացնի Կիպրոսի հավաքականի հետ։

Այլ նորություններ