Ստեփան Սարգսյանի անվան միջազգային մրցաշարին կմասնակցեն ավելի քան 100 ազատ ոճի ըմբիշներ

14:27 - 05 Հոկ, 2017

Հոկտեմբերի 6-8-ը Վանաձորում կկայանա Սեուլի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Ստեփան Սարգսյանի անվան ազատ ոճի ըմբշամարտի 22-րդ միջազգային մրցաշարը:

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանը ՀԱՕԿ լրատվականին տեղեկացրեց, որ մրցաշարին  մասնակցելու են Հայաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Իրանի, Վրաստանի եւ Բուլղարիայի ըմբիշները.

«Այս տարի մրցաշարն անցկացվում է աշխարհի առաջնությունից հետո, այդ պատճառով համեմատաբար քիչ թիմեր են հայտավորված: Հնարավոր է՝ վերջին պահին եւս մի քանի երկրներ ավելանան: 

Հայաստանը կներկայացնի մոտ 55 ըմբիշ, այդ թվում հավաքականի տղաները, բացառությամբ Գեւորգի Կետոեւի ու Լեւան Բերիանիձեի: Ընդհանուր առմամբ մրցաշարին կմասնակցեն ավելի քան 100 ըմբիշներ»,- ասաց Արայիկ Բաղդադյանը:

Ֆեդերացիայի գլխավոր քարտուղարի խոսքով՝ մրցաշարի անցկացման հիմնական նպատակը Հայաստանում ըմբշամարտի զարգացումն է.

«Այս տարի եւս մրցաշարը կկայանա Վանաձորում: Ցանկանում ենք Հայաստանում մեծացնել ըմբշամարտի աշխարհագրությունը: Վանաձորի երեխաների համար սա լրացուցիչ խթան է այս մարզաձեւով զբաղվելու համար»,- նշեց Արայիկ Բաղդադյանը:

Մրցանակային տեղեր զբաղեցրած ըմբիշները կստանան դրամական պարգեւներ:  

Այլ նորություններ